Վարչապետի հետ լարվածություն չունենք. Արծվիկ Մինասյան

Նախարարը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ կադրային քաղաքականություն իրականացնելիս առաջնորդվել է պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության և պատասխանատվոթյան սկզբունքներով:
artsvik-minasyan

yerkir.am— Այսօր էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ նա նշեց, որ ամփոփելու է իր պաշտոնավարման յոթ ամսիների ընթացքում կատարած աշխատանքները: Նրա խոսքով, որպես ՀՅԴ ներկայացուցիչ կարևոր և սկզբունքային է լրատվամիջոցներին ներկայացնել հաշվետվություն իրականացրած գործունեության ու անելիքների մասին: Էկոնոմիկայի նախարարությունը միավորում է 13 գերատեսչություններ ու լիազորություններ, 30 հիմնարար ոլորտներ:

Արծվիկ Մինասյանի խոսքով, անկախ այն բանից կլինի էկոնոմիկայի նախարարություն թե չի լինի, բոլոր դեպքերում կարևոր կլինեն դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության, ներդրումային քաղաքականության, ազատ տնտեսական գոտիների ուղղությունը, պետություն-մասնավոր համագործակցությունը, տնտեսության կյանքում պետության մասնակցությունը, ներդրողների աջակցության հայեցակարգի մշակումը, գործարար միջավայրի բարելավման, արդյունաբերական արտահանման քաղաքականության վերանայումը:

Նախարարը առանձնացրեց ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին եկամտաստեղծ գործունեության մեջ ներգրավելու օրենսդրական նախաձեռնությունը, ասելով, որ այդ փաթեթն ամբողջությամբ պատրաստ է և գտնվում է կառավարությունում:

Նախարարը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ կադրային քաղաքականություն իրականացնելիս առաջնորդվել է պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության և պատասխանատվոթյան սկզբունքներով: Նախարարությունը այդ յոթ ամիսների ընթացքում աշխատել է գերծանրաբեռնված:

«Էկոնոմիկայի նախարարությունը կարիք ունի ռեֆորմների»,- ասաց նախարարը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ տնտեսական քաղաքականության կենտրոնական հարցը մնում է տնտեսական դոկտրինի մշակման հարցը, որը կտա տնտեսական բոլոր ուղղությունների անելիքների մասին պատկերացումները: Հարցին, թե արդյո՞ք կա լարվածություն վարչապետի ու ՀՅԴ-ական նախարարների միջև, Արծվիկ Մինսյանը նշեց, որ չկա լարվածություն, չկա խնդիր, կա բնականոն աշխատանքային պրոցես:

«Վստահ եմ, որ թե ՀՅԴ ԳՄ-ն, թե ՀՀԿ ղեկավար մարմինը քաղաքական համագործակցության հուշագիրը կյանքի կոչելու պատրաստակամություն ունեն, թվացյալ լարվածությունը ավելի շատ առանձին հատվածների ցանկությունն է, քան իրականում կա: Ավելի լավ չէ՞, որ կառավարության նիստերը լինեն բաց բանավիճային»:

Նրա խոսքով՝ երբևէ իր և վարչապետի միջև լարվածություն չի եղել,ավելին, ինքը շնորհակալ է վարչապետին, որ նա հստակ տեսակետ ունի, թե ինչպես թեթևացնել գործարարների վրա դրված բեռը, ինչպես նվազեցնել վարչարարությունը: «Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա, այս պահին ես ժամանակավոր պաշտոնակատար եմ, կշարունակեմ աշխատել այնքան ժամանակ, մինչև նոր հրաման չլինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

*

*