Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱՄՆ կոնգրեսականների մի շարք հարցերի
varchapet-amn-kongres

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի («House Democracy Partnership») համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ), ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը (հանրապետական), ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ), Մայքլ Քոնավեյը (հանրապետական), Ջերի Քոնոլին (դեմոկրատ), Ադրիան Սմիթը (հանրապետական), Բարբարա Լին (դեմոկրատ) և Թերրի Սյուելը (դեմոկրատ):

Վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարևոր բարեփոխումների շրջանում և հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղիով:

Դեյվիդ Փրայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության և ջերմ հյուրընկալության համար: Նա ողջունել է Հայաստանի բարեփոխումները ժողովրդավարության զարգացման ուղղությամբ և նշել, որ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը պատրաստ է փորձի փոխանակման և խորհրդատվության միջոցով զարգացնել պառլամենտարիզմի մշակույթը, նպաստել հայ-ամերիկյան կապերի և միջխորհրդարանական համագործակցության սերտացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱՄՆ կոնգրեսականների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տնտեսական բարեփոխումների իրականացմանը, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, թավշյա հեղափոխության և հետագա բարեփոխումների մեջ երիտասարդների ներգրավվածությանը, քաղաքական կյանքում և կառավարման ոլորտում կանանց դերի բարձրացմանը, խորհրդարանական կառավարման համակարգի գործունեությանը և այլն:

ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել՝ իրենց աջակցությունը բերելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումների իրականացմանը և հայ-ամերիկյան բարեկամության հետագա խորացմանը:

*

*