Ինչպե՞ս են պայքարելու ֆեյքերի`սոցիալական ցանցերում անանուն օգտատերերի դեմ․ Վանեցյանը մանրամասնում է

«Այսպես կոչված` պայքարը պետք է լինի շատ զգույշ ու մտածված․․․»

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասնեց, թե ինչպես են պատրաստվում պայքարել ֆեյքերի`սոցիալական ցանցերում անանուն օգտատերերի դեմ: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը։

«Այսպես կոչված` պայքարը պետք է լինի շատ զգույշ ու մտածված: Եթե գրառումների մեջ լինի հանցակազմ` լինի սովորական անձ, թե` ֆեյք, ապա իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և միջոցառումներ իրականացնել դրանք կանխելու նպատակով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մանիպուլյացիոն գրառումներին, ապա Վանեցյանը շեշտեց, որ նմանատիպ արտահայտությունները, որոնք գրվում են սոցիալական ցանցերում անանուն կամ ոչ հայտնի օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում տրամադրություններ ստեղծել, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների:

«Ես հիմա չեմ ուզում մտնել բառախաղի մեջ, բայց հավաստիացնում եմ, որ գործընթացը կատարվելու է շատ ուշադիր ու զգույշ: Այդ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը: Դա ամենակարևոր սկզբունքն է, որին մենք հետևելու ենք»,- եզրափակեց ԱԱԾ տնօրենը:

Տեղեկացնենք, որ կառավարության նիստում քննարկվել է կեղծ օգտատերերի դեմ պայքարի հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել է զբաղվել տեղեկատվական անվտանգության ամրապնդմամբ: «Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,– ասել է վարչապետը` միաժամանակ հույս հայտնելով, որ Վանեցյանի ղեկավարած կառույցն այդ հարցում կկարողանա արդյունք ապահովել և կոշտ հակահարված տալ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները