Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում

Ավագանու նիստերն օրինական են եղել, քանի որ...
vanadzor-qaghaqapetaran

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ ժամանակից առաջ չի ցանկանում ընկնել, սակայն հավելեց, որ արտահերթ ընտրությունների համար հիմքեր չի տեսնում:

«Վանաձորի ավագանու նիստերն անցկացվել են «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքին համապատասխան: Հիմա Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ օրենքի որոշ դրույթներ հակասել են Սահմանադրությանը և մինչև մարտի 31-ը դրանք պետք է համապատասխանեցվեն Մայր օրենքին»,- նշեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցությունը պատրաստվում է Վանաձորի ավագանին լուծարելու հարցով դիմել կառավարություն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դա նրա իրավունքն է: ՀՀԿ խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ նշեց, որ Վանաձորի ավագանու նիստերն օրինական են եղել, քանի որ գումարվել են «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքին համապատասխան:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները