Թուրքիայի ԱԳ նախարարը Ստամբուլում չի կարողացել հակադարձել հայ պատգամավորներին եւ ծիծաղի տեղիք է տվել

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանում հայ պատվիրակներն անհարմար վիճակի մեջ են դրել։
chavushpglu-karapetyan

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանում հայ պատվիրակներն անհարմար ու ծիծաղելի դրության մեջ են դրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին, որը լիագումար նիստի ընթացքում զեկույցով հանդես գալուց հետո պատասխանել է պատգամավորների հարցերին:

Նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ իր զեկույցի ընթացքում Չավուշօղլուն խոսել է սառեցված հակամարտությունների մասին և անդրադարձ կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարի զեկույցից հետո պատգամավորներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել նրան: Ես իմ հարցը սկսեցի նրանից, որ Թուրքիան շարունակում է բացասական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այնուհետև հարց եմ ուղղել տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ Թուրքիայի ունեցած կապերի մասին: Թուրքիայի արտգործնախարարը իմ հարցերին տվեց ջղագրգիռ պատասխաններ: Ըստ էության, որևէ հստակ պատասխան չտալով իմ հարցադրումներին՝ նա հակահարձակման անցավ: Նա սկսեց հայերին մեղադրել անարդար և անազնիվ լինելու մեջ, այնուհետև անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, թե հայերը ողջ աշխարհով սուտ տեղեկություններ են տարածում: Չավուշօղլուն հիշեցրեց, որ Թուրքիան հանդես է եկել առաջարկով՝ ձևավորել պատմաբաններից բաղկացած հանձնաժողով այդ հարցն ուսումնասիրելու համար»,- մանրամասնեց Նահապետյանը:

Պատգամավորը հավելեց, որ այդ պահին ինքն արձագանքելու իրավունք չուներ, սակայն Չավուշօղլուին  պատասխանել  է հաջորդ օրը պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հարց տալու իրավունք է ստացել: «Ես հստակ ներկայացրեցի, թե քանի երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ասացի, որ այդ հարցն ուսումնասիրության կարիք չունի, և որևէ հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Նահապետյանը:

Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցից հետո այնքան է խառնվել, որ սկսել է պատմել, թե ինչու է ինքը որոշել դիվանագետ դառնալ:

«Այստեղ մատնանշվեց ԱՍԱԼԱ-ն, թե այդ կազմակերպության կողմից ժամանակին կատարվել են գործողություններ, որոնց արդյունքում տուժել են թուրք դիվանագետներ: Նա հիշեց, որ մայրն իրեն կոչ է արել չդառնալ դիվանագետ, որովհետև կարժանանա նույն ճակատագրին, և ինքն այսպես, չանսալով մոր հորդորներին, ամեն դեպքում որոշել է դառնալ դիվանագետ: Այդ պահին սրահում ծիծաղելի իրավիճակ առաջացավ, բոլորը հասկացան, թե ինչ է տեղի ունենում: Նա չէր կարողանում մեր պնդումներին և հարցադրումներին հստակ պատասխաններ տալ և հակահարձակման էր փորձում անցնել»,- ընդգծեց Նահապետյանը:

Հայկական պատվիրակության ղեկավարը վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հարց է հղել Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունների, ահաբեկչական խմբավորումների հետ կապերի վերաբերյալ, ինչին հետևել է վերջինիս ջղագրգիռ պատասխանը, թե հայ պատվիրակը սուտ տեղեկություններ է տարածում, քանի որ հստակ ապացույցներ չկան, որ Թուրքիան կապեր ունի ահաբեկչական խմբավորումների հետ: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նաև սկսել է հայերին մեղադրել ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ:

*

*