Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Հոլանդիայի ներկայացուցիչը

«Օրինագծերը պատրաստվել են Հոլանդիայի հայամետ քաղաքական գործիչների կողմից»
turqiayi-agn1

Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Հոլանդիայի (Նիդերլանդներ) գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեստստրատեն, որպեսզի դժգոհություն հայտնեն  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանում քննարկման դրվելիք 2 օրինագծերի կապակցությամբ, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական «Marmaragazetesi» թերթի կայքի՝ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ այդ օրինագծերը, որոնք քննարկման են դրվելու խորհրդարանում՝ առաջիկա շաբաթների ընթացքում, պատրաստվել են Հոլանդիայի հայամետ քաղաքական գործիչների կողմից:

Նրա խոսքերով՝ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը 1915 թ. վերաբերյալ հիմնվում է «պատմական իրականության և իրավական նորմերի վրա:

«1915-ը Թուրքիայի և թուրք ժողովրդի համար զգայուն հարց է: Եվ վերջինիս վերանայումը, ինչպես նաև դրա  քաղաքականացումը հնարավոր չէ, մանավանդ, որ այն կապ չունի պատմության և իրավունքի հետ: Կոչ ենք անում հոլանդացի քաղաքական գործիչներին վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց կողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև չքաղաքականացնել պատմությունը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:

Վերջինս կոչ է արել Հոլանդիային՝ աջակցել Թուրքիայի կողմից 2005թ. առաջ քաշած առաջարկը. այն է՝ ստեղծել պատմաբաննների և փորձագետների հանձնաժողով՝ 1915թ. տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու համար:

Հավելենք, որ Նիդերլանդների «Քրիստոնեական Միություն» կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը փետրվարի 16-ին շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ:

*

*