Թուրքիայի մեջլիսն ընդունել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը

Պատգամավորներին արգելվելու է նաեւ մեջլիս բերել տարբեր գրություններով ցուցանակներ կամ պաստառներ:
mejlis

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որով այսուհետ արգելվելու է մեջլիսի ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:

Օրենքների փաթեթին կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դեմ են քվեարկել փոփոխություններին:

Թուրքիայի մեջլիսում ընդունված օրենքների փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթները հնչեցնելուն:

Ըստ փոփոխությունների՝ մեջլիսի ամբիոնի մոտ պատգամավորների խոսելու ժամանակը 10 րոպեից իջեցվելու է երեք րոպեի: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից: Պատգամավորներին արգելվելու է մեջլիս բերել տարբեր գրություններով ցուցանակներ կամ պաստառներ:

Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոտ 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):

*

*