Թուրքիայի ԱԳՆ-ը կրկին կոչ է արել զերծ մնալ Արցախ այցելությունից

Նրանց այցը «որևէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»
turqia-agn

Թուրքիայի ԱԳՆ-ը երկրի քաղաքացիներին 2-րդ անգամ կոչ է արել զերծ մնալ Արցախ այցելությունից, տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության օկուպացված տարածքներ այցելությունը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքին, այլև ուղեկցվում է մի շարք պատժամիջոցներով՝ համաձայն ադրբեջանական օրենսդրության»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ փաստաթղթում:

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է նաև, որ Թուրքիայի քաղաքացիները, ովքեր ապօրինի այցելում են «օկուպացված ադրբեջանական տարածքներ», կորցնում են հյուպատոսական աջակցությունից օգտվելու իրավունքը:

Հիշեցնենք, որ սույն թեմայով Թուրքիայի ԱԳՆ-ն իր առաջին հայտարարությունը տարածել էր սեպտեմբերի 29-ին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր.

«Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեր 4 քաղաքացիների՝ վերջերս կատարած այցելությունը, կատարվել է առանց պետական մարմինների հետ խորհրդակցելու: Դա իրենց անհատական նախաձեռնությամբ է և որևէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»:

Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի ու Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանը նշյալ անձանց ձերբակալելու համար դիմել է Թուրքիայի համապատասխան կառույցներին:

Թուրք գործիչները «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով գտնվել են Արցախում և Ստեփանակերտում հանդես եկել մամլո ասուլիսով:

*

*