Ծառուկյանն առաջարկում է ուսման վարձը բուհն ավարտելուց հետո մարելու հնարավորություն տալ ուսանողներին

...ամսական 20 հազար դրամ վճարելով
tsarukyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանն առաջարկում է ուսանողներին հնարավորություն տալ իրենց ուսման վարձը վճարել բուհն ավարտելուց հետո 10 տարվա ընթացքում: Այս մասին դեկտեմբերի 6-ին Գյումրի քաղաքում Ծառուկյանն ասաց դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

«Ուսանողները մեր ապագան են, նրանց համար մինչ այսօր լուրջ քայլեր չեն կատարվել: Եթե ուսանողը դպրոցում ոսկե մեդալ է ստացել, համալսարանում էլ՝ կարմիր դիպլոմ, նա չպետք է մնա առանց աշխատանքի: Մեր ուսանողների համար ավարտելուց հետո պետք է աշխատանքի տեղավորման պայմաններ ստեղծել: Ուսանողների հաջորդ խնդիրը ուսման վարձը չվճարելու պատճառով համալսարանից դուրս մնալու հարցն է: Պետությունը պետք ուսանողին հնարավորություն տա ավարտելուց հետո 10 տարվա ընթացքում ամսական 20 հազար դրամ վճարելով մարի իր ուսման վարձը»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև զինծառայողներին ու բանակին վերաբերող հարցերին:

«Առաջին գծում 18 տարեկան զինվոր պետք է չլինի, այնտեղ պետք է լինեն միայն պայմանագրային զինծառայողներ: Մեր զինվորներն, իրոք, դուխով են, հզոր են, նվիրված են, բայց անփորձ են, սահմանին պետք է կանգնեն պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողներ: Հայաստանում պետք է զարգանա ռազմարդյունաբերությունը, որ այնքան փամփուշտ արտադրենք, որ չկարողանանք այդքանը կրակել»,- ասաց կուսակցության ղեկավարը:

 

*

*