«Ծառուկյան»-ը դեմ էր «Պետական պարտքի մասին» օրինագծին

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալո՞ւ է 2200 դոլար պարտք»

ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանն ընդունեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախքան քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ պատգամավորի`այս նախագծի նպատակը մեկն է` հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք, ինչն անթույլատրելի է:

«Երեկ այստեղ տասն անգամ նույն հարցին` ինչպե՞ս են ծախսվել պարտքերը, կառավարության ներկայացուցիչը ինչի մասին ասես խոսեց, մնում էր օպերայի խաղացանկը թվարկեր, հրաժարվեց պատասխանել այդ հարցին` 2018 թվականից  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալո՞ւ է 2200 դոլար պարտք: Կոչ եմ անում խորհրդարանին` կողմ չքվեարկել մի նախագծի, որը երկիրը տանելու է փակուղի` ներգրավելով պարտքեր, փակելու է կառավարության անկարողությունը` լուծել սոցիալական-տնտեսական խնդիրներ»,- ընդգծեց պատգամավորը:

Նախագիծն ընդունվեց ձայների 61 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Ծառուկյան» խմբակցությունը դեմ քվեարկեց։

*

*