Տիգրան Մուկուչյան. «Կոնգրես-ՀԺԿ դիմումում ներկայացված փաստերը խիստ սուբյեկտիվ են»

ԿԸՀ նախագահը ներկայացրեց պարզաբանումներ, թե ինչու է մերժվել:
mukuchyan

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը օբյեկտիվ չի համարում Սահմանադրական դատարան Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ընտրությունների արդյունքների վիճարկման մասին: Սահմանադրական դատարանում դաշինքի դիմումի քննարկման ընթացքում ելույթի հնարավորություն տրվեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով ներկայացրեց պարզաբանումներ, թե ինչու է ԿԸՀ-ն մերժել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը:

«Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել, թե արդյոք վկայակոչված խախտումներն առկա՞ են, թե ոչ, դրանք հիմնավորվո՞ւմ են, թե ոչ, և արդյոք դրանք ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա: Դաշինքի դիմումում ներկայացված դեպքերը չունեն առաջնային նշանակություն, և դրանք ոչ թե փաստեր են, այլ ուրիշի պատմածի վերարտադրություն»,- ասաց ՀՀ ԿԸՀ նախագահը:

Տիգրան Մուկուչյանը հավելեց, որ դաշինքի դիմումում ներկայացված փաստերը խիստ սուբյեկտիվ են, հիմնված են բացառապես կամայական մեկնաբանությունների, իրականության հետ որևէ աղերս չունեցող դատողությունների հիման վրա: ՀՀ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ 38 էջանոց դիմումից միայն 25 էջն է բովանդակային բնույթ կրում: Նա նշեց, որ դիմումում կան պարբերություններ, որոնք բովանդակային առումով մի քանի անգամ կրկնվում են:

Մուկուչյանը նաև նշեց, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի 95 տոկոսից ավելին անգամ մեծ վերապահումով չեն կարող փաստաթուղթ կոչվել:

Սահմանադրական դատարանն ապրիլի 25-ին սկսել է քննարկել ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը: Դիմումը Սահմանադրական դատարան ներկայացրել է ապրիլի 14-ին: Սահմանադրական դատարանը 15 օրվա ընթացքում պետք է քննարկի դիմումը և որոշում կայացնի:

*

*