«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Արցախին ազգերի ընտանիքում». ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան

The National Interest ամերիկյան վերլուծական հանդեսում հրապարակված հոդվածում գրել է․․․
arcakh-turizm

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Արցախին ազգերի ընտանիքում»,- The National Interest ամերիկյան վերլուծական հանդեսում հրապարակված հոդվածում գրել է 2004-2006 թվականներին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը:

«Կանտեսի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» վերնագրով հոդվածում Էվանսը գրում է, որ այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն:

«ԱՄՆ-ի վարչակազմը չի ընդունի նրան մասամբ նաեւ այն պատճառով, որ Միացյալ Նահանգները լուռ է այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի որոշմամբ»,-գրել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

Էվանսն ընդգծում է, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո՝ հուլիսին, անձամբ է գնացել ու տեսել, որ չճանաչված լինելով հանդերձ՝ Արցախը կառուցել է գործուն ժողովրդավարություն, որն ունակ է վարել միջպետական հարաբերություններ, սակայն զրկված է այդ հնարավորությունից: Էվանսը նշել է նաեւ, որ Ադրբեջանը պատժում է յուրաքանչյուրին, ով այցելում է Ղարաբաղ առանց իր համաձայնության՝ հավելելով, որ ինքը եւս այդ սեւ ցուցակում է:

«Արցախի ժողովուրդը պարզապես ցանկանում է ապրել խաղաղ եւ ազատ: Չնայած Արցախի Հանրապետության կարգավիճակը վերջնականապես որոշված չէ՝ արցախցիներն ունեն եւ պետք է վայելեն նույն իրավունքները, ինչ մենք բոլորս եւ չպետք է մեկուսացվեն մարդկությունից»,- այս տողերով է եզրափակում հոդվածը Ջոն Էվանսը:

*

*