Տարոն Տոնոյան․ «Գալիս եմ՝ արդարության սկզբունքով բուժելու մեր երկիրը»

«Յուրաքանչյուր մարդ մեկ փամփուշտ ունի, վերջին փամփուշտն ա մնացել: Այդ գիտակցությամբ պետք է իր քվեն տա»:
Աշնակ գյուղի ազատամարտիկների գերեզմանների տարածքից է Տարոն Տոնոյանը սկսում  գյուղի հանդիպումները: Իր երկու ընկերներն են այդտեղ ամփոփված, մեկը հենց այն գումարտակից էր, որտեղ մի ձեռքով կռվում, մյուսով բուժում էր ազատամարտիկ-բժիշկը: Նրան աշնակցիներից շատերը հենց այդ օրերից գիտեն: Նրանց հետ մի դրվագ հիշեց ու այդ համեմատությամբ պարզաբանեց, թե ինչու որոշեց բժշկությանը զուգահեռ քաղաքականությամբ զբաղվել:
 «1994 թվականի հունվարին ադրբեջանցիները 23 կմ առաջ էին եկել: Ռացիայով զանգեց Աղաբեկյան Արթուրը, ասաց՝ Ֆիզուլիում ո՞վ կա, ադրբեջանցիներն առաջ են գալիս, մարդ չկա, թիկունքայիններին հավաքի, արի: Հոսպիտալի խոհարարին վերցրի, դվիժոկ խոդ տվողին՝ Անդրեյկային, գրողին, մի խոսքով նրանց հավաքեցի ու գնացինք: Հիմա իմ քայլը նմանեցնում եմ այդ իրավիճակին: Մենք կատարեցինք մեր առաջադրանքը»,- պատմեց Տարոն Տոնայանը:
 
Հիմա առաջադրանքն ուրիշ է: Այս անգամ ոչ թե զենքով, այլ իր ունակություններով է պատրաստ ծառայել: Ու աշնակցիներին կոչ արեց ընտրություն կատարել այնպիսի մարդու օգտին, ով ոչ թե ղեկավարել, այլ ծառայելու է պատրաստ:
 
Տարոն Տոնոյանը բացատրում է. պատմական հնարավորություն կա երկրում իրավիճակ փոխել, դա թույլ է տալիս նոր սահմանադրությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ խորհրդարան մտնի իսկապես երկրի ցավով մտահոգ ու կիրթ պատգամավոր: Այդ ժամանակ միայն երկրում սոցիալական հարցերն այդքան սուր չեն լինի:
 
«Յուրաքանչյուր մարդ մեկ փամփուշտ ունի, վերջին փամփուշտն ա մնացել: Այդ գիտակցությամբ պետք է իր քվեն տա:Եթե էդպես մոտենանք մենք՝ հաջողություն կունենանք: ժամանակի մեծ մասը տրամադրում եմ ընտրակաշառքի դեմ պայքարին, որ դա ուղիղ կոտրում է մեր երկրի ողնաշարը: Սրա -նրա ծառաներին, իշխանիկներին չենթարկվենք, ոչ մեկի չլսենք»,- ասում է բժիշկ Տոնոյանը: 
 
Թալինի տարածաշրանում սա վերջին հանդիպումն է: Առաջինը սկսել էր հայրենի Լեռնարոտից: Հաջորդը կլինի արդեն Աշտարակի գյուղերում:
 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*