Տարոն Մարգարյանը հիմնավորել է Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու դիմումը — Երկիր Մեդիա

Տարոն Մարգարյանը հիմնավորել է Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու դիմումը

Տարոն Մարգարյանը մայիսի 24-ին Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ:
taron-margaryan-unigraf-x

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարզաբանում է ներկայացրել «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման առնչությամբ: «2018 թվականի մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N6 արձանագրությամբ Ձեզ տրամադրվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատ, ուստի նշված օրվանից առ այսօր առկա է Ազգային ժողովի պատգամավորի մանդատի անհամատեղելիություն, քանի, որ ԱԺ պատագամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղղված Ձեր դիմումը, հիշատակված օրենքի համաձայն, չի նշանակում հրաժարականը ընդունված և Դուք շարունակում եք զբաղեցնել ԱԺ պատգամավորի պաշտոնը»,- նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկ շաբաթից ավելի միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ անհամատեղելի համարվող երկու պաշտոններ, Ալեն Սիմոնյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել օրենքի ուժով:

«Երևանի քաղաքապետի կողմից դրա վերաբերյալ արձանագրություն (24.05.2018թ. N4) կազմելն ու ուղարկելը կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղակի պարտավորություն է, իսկ դրա չիրականացնելը օրենքի խախտում»,-ընդգծել է քաղաքապետը՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մեկ տարվա ընթացքում Երևանի ավագանու աշխատանքներում ունեցած ներդրման համար։

«Դուք մշտապես հետաքրքիր հարցեր եք բարձրացրել մեր քննարկումներում և իհարկե լիահույս եմ, որ ՀՀ Ազգային ժողովում կշարունակեք Ձեր ակտիվ գործունեությունը՝ չմոռանալով իհարկե բարձրաձայնել Երևանի հոգսերի և բարեփոխումների մասին: Հուսով եմ, որ Ձեր փոխարեն Երևանի ավագանի մուտք կգործի նույնչափ բանիմաց և սրտացավ քաղաքացի, որն իր ներդրումը կունենա և մասնակիցը կլինի Երևանի զարգացման և շենացման միասնական գործին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Տարոն Մարգարյանը մայիսի 24-ին Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ինքնաբերաբար կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից:

*

*