«Տեղափոխվում եմ Սյունիք». Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է ռեյտինգայինով առաջադրվելու մասին

«Իմ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայացնում է լուրջ տնտեսական ծրագիր»
naira-zohrabyan

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ու պատրաստվում է տեղափոխվել Սյունիք։

«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու Սյունիքի և Վայոց  ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից։

Իմ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայացնում է լուրջ տնտեսական ծրագիր, որը, հավատացեք ինձ, երկրում հիմք է դնելու տնտեսական լուրջ բարեփոխումների՝ ներգավելով օտարերկրյա  հսկայածավալ ներդրումներ։ Դուք ամեն օր տեսնում եք, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանն արտերկրի իր  գործընկերներ հետ միասին մեր տնտեսության տարբեր ոլորտներում հսկայական ներդրումներ անում՝ բացելով գործարաններ, ստեղծելով հարյուրավոր, հազարավոր  աշխատատեղեր։ Ես վստահեցնում եմ ձեզ՝ մենք ունենք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի համար ներդրումային լուրջ փաթեթներ, որոնք լուծելու են այդ մարզերի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ արժանապատիվ աշխատանքի խնդիրը, որպեսզի ձեր հայրերն ու ամուսինները, ձեր որդիները չմտածեն արտագաղթի եւ դրսում փող աշխատելու մասին։

Առաջիկա օրերին ես տեղափոխվում եմ Սյունիք եւ հասանելի եմ լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար, ինչպես հասանելի եմ եղել միշտ, պատրաստ եմ լսել բոլորիդ խնդիրներն ու առաջարկները եւ  ներկայացնելու եմ այն ծրագիրը, որը վստահաբար արժանանալու է ձեզանից յուրաքանչյուրի հավանությանը»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

*

*