Քաղաքական գործչի կաշին պետք է մի քիչ ավելի հաստ լինի, քան սովորական մարդունը. Պյոտր Սվիտալսկի

«Ազատ խոսքը պարտադիր չէ, որ լինի գեղեցիկ ու փափուկ»
pyotr-svitalski-YO

Հուսով ենք, որ այս քարոզարշավի ընթացքում կհաջողվի նվազագույնին հասցնել ատելության խոսքը, քանի որ այն սպանում է ժողովրդավարությունը, բացասական ազդեցություն ունի երկխոսության մշակույթի վրա. ԵՄ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, տեղեկացնում է yerkir.am-ը։

Նրա խոսքով` իրենք հույս ունեն, որ Հայաստանին կհաջողվի ընտրությունների արդյունքում ձևավորել քաղաքական մշակույթի բարձրագույն ստանդարտ: «Ազատ խոսքը պարտադիր չէ, որ լինի գեղեցիկ ու փափուկ, այն կարող է  երբեմն լինել կոպիտ ու ցավեցնող: Մի բան, որ անհրաժեշտ է սովորել Հայաստանի քաղաքական դաշտում, այն է, որ քաղաքական գործչի կաշին մի քիչ ավելի հաստ պետք է լինի, քան սովորական մարդունը: Կարծում եմ` նա, ով խնդիր ունի քննադատությունը չընդունելու, քաղաքական դաշտ ուղղակի չպետք է մտնի»,- ասաց ԵՄ դեսպանը:

Ըստ նրա` խոսքի ազատության մթնոլորտի կարևորագույն ձևավորողներից են ԶԼՄ-ները,  քաղաքացիական հասարակությունը և քաղաքական դասը: Սվիտալսկին վստահ է` լրագրողներն իրենք պետք է կարգավորեն իրենց աշխատանքը: «Հայաստանի լրագրողների հետ իմ շփումներից հասկացել եմ, որ լրատվամիջոցներն իրենք պետք է ձևավորեն այն դաշտը, որում պետք է աշխատեն: Հայաստանին անհրաժեշտ է լրատվությանն առնչվող նոր օրենսդրություն, նոր միջավայր, որը կապահովի լրատվամիջոցների գործունեությունը: Իմ կարծիքով` հանրային լրատվամիջոցներից պետք է սկսվեն այդ փոփոխությունները»,- ասաց նա:

ԵՄ դեսպանը խոսքն ամփոփեց` ասելով, որ, այնուամենայնիվ, ԵՄ-ն հանձնառու է աջակցել ՀՀ-ում լրատվամիջոցների համար նոր միջավայրի ձևավորմանը:

*

*