Հավատացած ենք, որ Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք. Պյոտր Սվիտալսկի

Եվրամիության կողմից տրամադրվող գումարի մեծ մասն ուղղվելու է...
em-despan-svitalski

Եվրամիությունը  կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում. մշակված ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի և  Տավուշ:  Դրանք  բազմաբնույթ  են և  ներառում են տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք  այլ  ոլորտներ:  ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի նաև հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ նշեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր  Սվիտալսկին:

Եվրամիության  կողմից տրամադրվող գումարի մեծ մասը ուղղվելու է բիզնես  գաղափարների ֆինանսավորմանը՝  մասնավորապես, փոքր բիզնես  ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետևաբար, ակնկալում  ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ.  խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք  նախաձեռնել ենք նաև  ֆինանսավորում այնպիսի  ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք  իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք  սկսել ենք. օրինակ՝ դահուկային և բրդի  վերամշակման կենտրոնների ծրագրերը»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

Եվրամիությունը կշարունակի նաև աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր  իրականացնելու  գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝  հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը  վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք  հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունը, անշուշտ, պահանջում է հանրության կողմից աջակցություն և  ինստիտուցիոնալ ու օրենսդրական կառույցների առկայություն»,- ընդգծեց Սվիտալսկին:

*

*