«Խնդրում եմ այլեւս դադարեցնել փողոցների փակման միջոցով նմանատիպ հարցերի հնչեցումը»․ նախարար

Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով պատասխանել է․․․
SURENpapikyan

Տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով պատասխանել է տարածված կարծիքներին, թե հեղափոխական շարժման ընթացում մի շարք անձանց պատրաստել են մարզպետների պաշտոնի համար:

Նա հիշեցրել է, որ ըստ Սահմանադրության, մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ:

«Վստահ եղեք՝ վարչապետը կատարելու է ճիշտ ընտրություն, եւ Դուք կունենաք այնպիսի պաշտոնյաներ, որոնք ամենայն պատասխանատվությամբ են կատարելու իրենց պարտականությունները»,- ասել է Պապիկյանը: Նա նաեւ նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ոմանք, շարժման անունից հանդես գալով, գնում են գյուղապետարաններ եւ պահանջում գյուղապետների հրաժարականները: Նախարարն ասել է, որ օրակարգում այդպիսի ծարգիր չկա: Իսկ կաթի մթերման գնի թանկացման վերաբերյալ նորանշանակ նախարարն ասել է, որ գնացել են փոխզիջման:

«Երեկ եւ առաջին օրը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ ունեցանք խորհրդակցություններ՝ կաթի գնի հետ կապված: Արժանին պիտի մատուցենք այն տնտեսվարողներին, որոնք լսելով փոխվարչապետի հորդորը, գնացին զիջման եւ հայտարարեցին, որ կաթի գինը կմնա նույնը: Խնդրում եմ այլեւս դադարեցնել փողոցների փակման միջոցով նմանատիպ հարցերի հնչեցումը, որովհետեւ այս կառավարությունը այլեւս հասանելի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Շուտով կունենանք նաեւ մարզպետներ, եւ խնդրանքս է՝ դիմել մեզ եւ խնդրի կարգավորումը օրինական ճանապարհով տեղի կունենա: Մենք ձեր բոլոր խնդիրներին կփորձենք հնարովինս օպտիմալ ձեւով լուծում գտնել»,- մասնավորապես նշել է Սուրեն Պապիկյանը:

*

*