Մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք և ասում ենք բաց. Սպարտակ Սեյրանյան — Երկիր Մեդիա

Մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք և ասում ենք բաց. Սպարտակ Սեյրանյան

Սիրո ու համերաշխության մասին կարելի է շատ խոսել, բայց կարևորը գործերն են ու դրանց արդյունքում ձևավորվող միջավայրը։
spartak-seyranyan2 (1)

yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

Վերադառնանք ներքին կյանք։ Անցած շաբաթ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը հայտարարություն տարածեց` կապված երկրի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ։ Եղան ամենատարբեր մեկնաբանություններ, գնահատականներ, նույնիսկ մեղադրանքներ։ Ձեզ չի՞ մտահոգում, որ հանրությանմեջ, հաշվի առնելով առկա  մթնոլորտը, կուսակցությունը դիվիդենտներ է կորցնում ընտրություններից առաջ։

— Նախ, մեզ համար վարկանիշային միավորներ հավաքելը կամ կորցնելը չեն կարող որոշիչ լինել մեր տեսակետները հայտնելու և դրանք պաշտպանելու համար։ Եթե հանուն քվեների ես պետք է հակասեմ իմ սկզբունքներին, պետք է չասեմ ինչ մտածում եմ, ապա ես ոչ թե սկզբունքային մարդ եմ, այլ պատեհապաշտ, եթե չասեմ՝ վախկոտ։ Նորանկախ Հայաստանի հասարակական ու քաղաքական բազում հիմնախնդիրների լուծման մասին մենք երբևէ չենք վարանել մեր մոտեցումներն ասել, անկախ նրանից՝ մենք իշխանության մաս ենք կազմել, թե ընդդիմության։ Եվ բնավ էլ չենք մտահոգվել, մեր կեցվածքի արդյունքում իշխանությունից դուրս կգանք, թե ոչ։ Այո, հաճախ մեր մոտեցումներն ու տեսակետները շատերը չեն հասկացել, շատերը շատ լավ էլ հասկացել են, բայց չեն ուզեցել ընդունել, շատերը մեզ քննադատել են, անգամ մեղադրել, անգամ կուսակցությունն ու լրատվամիջոցներն արգելել, ղեկավարներին էլ շինծու մեղադրանքով բանտ նետել։Բայց դրանք անցողիկ երևույթներ են, ժամանակն ապացուցել է, որ մենք ճիշտ էինք, իսկ մեզ քննադատողները՝ սխալ։ Այնպես որ մի քանի պատգամավորական մանդատ ավել կամ պակաս ունենալու համար մենք երբեք չենք վարանի հայտնել մեր տեսակետը, որքան էլ որ այն տվյալ պահին չհասկացվի կամ հարվածների թիրախ դառնա։ Տեսնում ենք, թե պատեհապաշտ կուսակցություններն ու գործիչներն ուր են, մենք՝ ուր։ Եվ մենք այն կուսակցությունը չենք, որ վարանենք բարդ հարցեր բարձրացնել կամ լռել ու սպասել, հետո չարախնդալու կամ սխալ գործածների հաշվին միավորներ հավաքելու համար։

Երկրորդ, մեր հայտարարությունն ի պաշտպանություն Ռ.Քոչարյանի հայտարարություն չէր։ Մենք չենք ասել, որ նա անմեղ է կամ մեղավոր, չենք էլ ասել, որ նրա կամ որևէ այլ նախկին կամ ներկա պաշտոնյայի հանդեպ դատական տաբու կա։ Ամնևին։ Մենք ասել ենք, որ նմանօրինակ ձևակերպումը, որով նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել, խիստ վտանգավոր ձևակերպում է ոչ թե Քոչարյանի, այլ երկրի նախագահի ինստիտուտի հանդեպ։ Որովհետև նմանօրինակ ձևակերպումով նախադեպ է ստեղծվում ոչ միայն ետ գնալու, ասենք, մինչև առաջին նախագահը, այլև ապագայի որևէ ղեկավարի համար։ Նախադեպ ենք սարքում ցանկացած հաջորդ պետության ղեկավարի կողմից իր նախորդի հանդեպ նույնաբովանդակ մեղադրանք ներկայացնելու համար։

Ի դեպ, առաջին նախագահի պահով։ 1995-ի Սահմանադրական հանրաքվեի, 1996- ի խորհրդարանական ընտրությունների հսկայածավալ ապացուցողական հիմքով փաստված աղաղակող կեղծումը բոլոր հիմքերը տալիս էին ու տալիս են նրա հանդեպ հենց այդ նույն ձևակերպումով դատ հարուցելու համար։ Բոլորը շատ լավ հիշում են տանկերը քաղաքի կենտրոնում, ցուցարարների ծեծուջարդը։ Այդ ժամանակ բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել զոհերից բացառապես, կրկնում եմ՝ բացառապես թեկնածու Վազգեն Մանուկյանի ու նրան սատարող ուժերի, այդ թվում Դաշնակցության, կեցվածքի շնորհիվ, որոնք հրաժարվեցին թեկուզ մեկ մարդու արյան գնով հանուն նախագահական աթոռի վտանգավոր առճակատումից։

Ավելին ասեմ, 1998-ի իշխանափոխությունից հետո շատերի մոտ կար գայթակղությունը՝ վերոնշյալ հիմքով դատի տալու առաջին նախագահին։ Բայց դրան առաջինը դեմ եղան Վահան Հովհաննիսյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը և մյուսները, որոնք տարիներ շարունակ բանտում անցկացրեցին շինծու մեղադրանքով։ Նույն կերպ էլ վարվել էր 1992-ին Հրայր Մարուխյանը, հորդորելով ու համոզելով իր անօրինական արտաքսման դեմ բողոքի գործողությունների պատրաստ իր կուսակիցներին։

Այնժամ էլ, հիմա էլ մեզ համար պետության ղեկավարի ինստիտուտը, կրկնում եմ՝ ինստիտուտը, ոչ թե անձը, ավելի կարևոր են։ Այնժամ էլ, հիմա էլ համոզված ենք, որ նմանօրինակ ձևակերպումը հարված է պետության ղեկավարի ինստիտուտին, անկախ նրանից` ղեկավարն ով էր երեկ, ով է այսօր, ով կլինի վաղը։

Ժողովուրդն ուժեղ է պետությունով։ Պետությունն ուժեղ է պետական ինստիտուտներով ու այդ ինստիտուտի հանդեպ հանրային վերաբերմունքով։ Կրկնում եմ՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ով է այդ ինստիտուտը ներկայացնում։ Եվ եթե այսօր որևէ մեկը Դաշնակցությանն այս մոտեցման համար պետք է քննադատի կամ մեղադրի, ապա դա իր հասկացողության ու խղճի հարցն է։ Մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք և ասում ենք բաց՝ առանց վախենալու քննադատությունից կամ էլ թաքուն ու երկչոտ։ Նույն կերպ վերաբերվել ենք նախկինում, նույն կերպ վերաբերվում ենք հիմա, նույն կերպ կվերաբերվենք նաև ապագայում, եթե նմանօրինակ երևույթ կրկնվի:

Երրորդ, մեր այս կեցվածքը ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ է, ինչպես կարող են իրենց շահախնդրությունից ելնելով մեկնաբանել հին ու նոր պատեհապաշտներն ու վարձկան «վերլուծաբանները», այլ ճիշտ հակառակը՝ դա Նիկոլ Փաշինյանի օգտին է։ Ոչ թե առանձին քաղաքական ուժի ղեկավարի, ոչ թե հասարակության որևէ շերտի սիրելիի, այլ ամբողջ երկրի, բոլորի քաղաքացիների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին է։ Պետության մեջ չպետք է լինեն երևույթներ, որոնք թեկուզ նվազագույն հնարավորություն ու դուռ բացեն շահարկումների, այլազան որակումների համար։ Եթե այս գործի հետ կապված քաղաքական պիտակ կամ որակում առաջանա, ապա այն միանգամից արտապատկերվելու է թե նախորդ, թե հնարավոր հաջորդ բոլոր գործերի վրա` անկախ նրանից, թե ինչ ձևակերպումներով են դրանք հարուցվել, ում դեմ և ինչի համար: Սա առաջ է բերելու լուրջ կասկած երկրում արդարադատության հանդեպ։ Սա չի կարելի թույլ տալ։ Սա մեր համոզումն է և հենց սա է մեր հայտարարության իմաստն ու նպատակը։

— Իսկ ի՞նչ եք կարծում վարչապետի հաջորդ հարյուր օրերի կամ ընդհանրապես առաջիկա անելիքների մասին, որո՞նք են առաջնահերթությունները։

— Անշուշտ, կարելի է մատնանշել սոցիալական, տնտեսական, ներքին ու արտաքին բազում հիմնախնդիրներ և դրանք բոլորն էլ առաջնահերթ կլինեն ու խիստ կարևոր։ Բայց կարծում եմ այսօր ամենակարևորը հասարակական համերաշխության, միասնականության հաստատումն է։ Սիրո ու համերաշխության մասին կարելի է շատ խոսել, բայց կարևորը գործերն են ու դրանց արդյունքում ձևավորվող միջավայրը։ Այս առումով այսօր լուրջ մտահոգություններ կան: Մտահոգիչ է ազատագրված տարածքները գրավյալ ու «հետևաբար» հանձնելի որակելու առայժմ եզակի, բայց համոզված եմ` կրկին միտումնավոր կերպով վերակենդանացած թեզը: Մտահոգիչ է «Արցախի հարցը թող արցախցիներին վերաբերվի» կամ դարձյալ «հայաստանցի-ղարաբաղցի» թեզերը վերակենդանացնելու ճիգերը։ Մտահոգիչ է բանակի սպայի ու ազատամարտիկի կերպարի աղավաղումը եզակի բացասական օրինակների «հիման վրա» կամ համատարած կասկածը բոլորի հանդեպ: Մտահոգիչ է «Ազգ-բանակ» եզրույթի բովանդակության աղավաղումն ու թերագնահատումը` դրանով իսկ այդ կարևոր կոնցեպտի մոռացումը: Մտահոգիչ է ազգային ավանդական հոգևոր, հասարակական, մշակութային կառույցների, ինստիտուտների ու արժեքների հանդեպ քամահրական, ծաղրական, սադրիչ ու պառակտիչ գործողությունների իրողությունը: Մտահոգիչ է, երբ դարձյալ հասարակության մեջ սկսում են ջրբաժաններ ստեղծել ու բարիկադներ կառուցել «Ով մեր պես չի մտածում՝ նա տականք է» կամ «Ով մեր հետ չէ՝ նա ազգի թշնամին է» խորշելի ու խիստ վտանգավոր բանաձևերով։ Մտահոգիչ է պետական ինստիտուտների գործունեության հանդեպ ցանկացած քննադատական խոսք կամ նույնիսկ այլընտրանքային առաջարկ որպես խափանարարություն կամ թշնամանք որակելն ու քննադատողի հանդեպ թշնամանքով լի կեցվածք որդեգրելու միտումները։ Մտահոգիչ է, երբ որոշ շրջանակների կողմից վարկաբեկվում է ու պախարակվում իրենցից տարբերվող ցանկացած անձնական կարծիք, երբ սեփական տեսակետ հայտնողը «սիրո ու համերաշխության» որոշ անզուսպ ջատագովների կամ երկրորդական մակարդակի չինովնիկների կողմից դառնում է սոցիալական ցանցերում անձնական բնույթի որակումների, ատելության ու հայհոյանքների թիրախ: Իմ խորին համոզմամբ սա ամենամեծ վտանգներից է վարչապետի, այսօրվա իշխանության համար։

Հասկանում եմ, քաղաքական լուրջ տրանսֆորմացիաներից հետո որոշակի ժամանակահատվածում հասարակությունն ատոմիզացվում է. դեռ խորն են լինում քաղաքական առճակատման մթնոլորտի հետևանքները։ Այս իմաստով հույս ունեմ, որ թվարկածս մտահոգությունները վերաբերում են անցնող հարյուր օրերին։ Հասկանում եմ նաև, որ նոր իշխանություն է, շատ բարդ խնդիրների լուծմանը լծվել են նոր մարդիկ, ժամանակ է պետք նաև նրանց համար։ Հոյակապ հասկանում եմ, որ նման իրավիճակներում ակտիվանում են նաև որոշակի խմբակային կամ անհատական շահախնդրություններով ու մղումներով առաջնորդվողներ, որոնք, բնականաբար, առաջին հերթին պայքար են սկսում թիվ մեկ պաշտոնյայի շրջապատում տեղ գրավելու, որոշումների կայացման գործնթացներին մասնակցելու, դրանք, ինչու չէ, նաև սեփական քաղաքական ապագայի համար ծառայեցնելու առումով։

Դրանից դեռ ոչ մի ղեկավարի չի հաջողվել խուսափել։ Դրանով եմ հակված բացատրել նաև որոշ վայրիվերումներ ու առանձին մոտեցումներ։ Սակայն այսօր բոլորը, առաջին հերթին քաղաքական որոշումների ընդունման մեջ դերակատար մարդիկ պետք է հստակ գիտակցեն, որ այլևս գործ ունենք ոչ միայն առանձին մի կուսակցության, կամ որոշակի քաղաքական կողմնորոշման թիմի ղեկավարի, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, որն արդեն բոլորի վարչապետն է. ոչ միայն իր համախոհների, այլև իր քաղաքական մրցակիցների կամ, նույնիսկ, հակառակորդների, բոլորի՝ առանց որևէ տարաբաժանման։ Եվ վարչապետի առաջնահերթ խնդիրն, իմ կարծիքով, այդ դերակատարման լիարժեք կրողը լինելն է, եթե կուզեք՝ այդ առաքելության իրականացնողը լինելն է։

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

 

*

*