«Մեզ համար էական չէ, որ մենք ինչ-որ ագրեսոր երկրի կողմից կհայտնվենք սև ցուցակում». Դիմիտր Միտև

ՀՅԴ հրավերով Արցախ կայցելեն 17 երկրների շուրջ երկու տասնյակ պատվիրակներ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան և  ճանաչողական այցով կմեկնեն նաև Արցախի Հանրապետություն:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը, ՀՅԴ Երիտասարդական միության արտաքին հարաբերական հանձնախմբի անդամ Սարինե Աբրահամյանը և Հայաստան ժամանած հյուրերից` Իտալիայի սոցիալիստական կուսակցության վարչության անդամ Ռոզելա Պերան ու Բուլղարիայի սոցիալ-դեմոկրատական երիտասարդական կուսակցության ատենապետ Դիմիտր Միտևը համատեղ ասուլիսով հանդես եկան:

yerkir.am-ի հարցին` արդյո՞ք տեղյակ են, որ Արցախ այցելողները հայտնվում են Ադրբեջանի «սև ցուցակում » և չեն կարող այցելել այդ երկիր, արդյո՞ք  այդ փաստը չի մտահոգում նրանց, Դիմիտրը պատասխանեց. «Այո, ես տեղյակ եմ, երկու տարի առաջ նույնպես եղել եմ Հայաստանում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մենք տեսնում ենք` ովքեր են ագրեսորները, և ովքեր` դրանցից տուժվողները: Մենք` որպես սոցիալիստներ և սոցիալիստ-դեմոկրատ  կուսակցականներ, աջակցում ենք Հայաստանի մեր ընկերներին, և մեզ համար էական չէ, որ մենք ինչ-որ ագրեսոր երկրի կողմից կհայտնվենք սև ցուցակում, մեզ համար կարևորն այն է, որ այսօր Արցախի բնակիչներն ապրեն, մնան իրենց երկրում, ապահով կյանք ունենան, և վերջիվերջո, ճանաչվի նրանց պետությունը»:

 

*

*