Մենք մեր պատմական պարտքն ենք վերադարձնում Սիրիայի ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը՝ Սիրիայում հայ մասնագետների մարդասիրական խմբի մասին...

Հայաստանի Հանրապետությունը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել իր ինքնիշխանության և պատմական առաքելության նկատառումներով: Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման շրջանակներում ունեցած եզրափակիչ ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մեր բժիշկը այնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր մի հայրենակցի օգնել է, մի կտոր հաց  է տվել կամ մի բաժակ ջուր, ես դրանով համարում եմ, որ մենք մեր պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին: Եթե ականազերծվող տարածքում, որտեղ երեխաներ են վազվզում և խաղում, մեր մասնագետները 100 քառակուսի մետր տարածք են բացում այն մարդկանց թոռների համար, ովքեր ժամանակին ապաստան են տվել Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, ես համարում եմ, որ սա պատմական առաքելություն է, որ մենք իրականացնում ենք Սիրիայում: Ունի՞ ռիսկեր այդ առաքելությունը, իհարկե, ունի ռիսկեր: Բայց արդյոք սա մեծացնո՞ւմ է Հայաստանի ինքնիշխանությունը և միջազգային սուբյեկտությունը, այո, մեծացնում է»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելությունը բարոյապես, մարդկայնորեն և քաղաքականապես ճիշտ առաքելություն է:

*

*