Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետի հետ
varchapet
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ:
 
Հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարևորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության նշանակությունը:
 
«Շատ կարևոր է, որ մեր միջև որևէ խնդիր չկա և մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը», — նշել է Սինգապուրի փոխվարչապետը:
 
Կարեն Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար: Նա մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես՝ գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Կարևորվել է նաև կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը:
 
«Մենք շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի ազատ առևտրի գոտու միջև: Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առևտրի ու ներդրումների աճին և փոխշահավետ ծրագրերի իրականացմանը», — նշել է վարչապետը:

*

*