Տեղի է ունեցել Հայաստանի և Սինգապուրի վարչապետների հանդիպումը (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր:

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկնոջը նստավայրի բակում դիմավորել են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և տիկին Հո Չինը: Հնչել են Հայաստանի ու Սինգապուրի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում հայ-սինգապուրյան կապերը հետևողականորեն կընդլայնվեն: Կառավարության ղեկավարը նշել է, որ ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի զարգացման փորձով և մեր երկիրը նույնպես այն համարում է օրինակելի: «Մենք շահագրգռված են խորացնելու քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, սերտացնելու կապերը ժողովուրդների միջև»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև հայկական և սինգապուրյան բիզնեսի միջև փոխգործակցության զարգացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին` հավելելով, որ դրանց նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական տնտեսությամբ պետություն: Նիկոլ Փաշինյանը, այդ առումով, հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի կառավարությունների միջև ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի փաստաթղթեր:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:

*

*