Արամ Մանուկյանի արձանի մոտ տեղադրվեց Շուշիի ազատագրման գործողությունը ներկայացնող մանրակերտ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ․․․
shushi manrakert

Քիչ առաջ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ տեղադրվեց մանրակերտ, որը ներկայացնում է Շուշիի ազատագրման գործողությունը:

«Շուշին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարների բոլոր ժամանակներում ունի առանձնահատուկ տեղ, թեկուզև նրա համար, որ բավական երկար ժամանակահատված հետո հայ ժողովրդին վերջապես հաջողվեց իսկապես ռազմաքաղաքական մեծագույն հաղթանակ տանել: Դրանից հետո իսկապես շրջադարձ եղավ թե’ Արցախյան պատերազմում, թե’, ընդհանրապես, մեր ժողովրդի հոգեբանության մեջ: Շուշին հիմքն էր մեր բոլոր առաջիկա մեծ հաղթանակների և հաջողությունների»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Թաթուլ Հարությունյանը:

ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Անդրանիկ Ափոյանի կարծիքով էլ` Շուշիի ազատագրումը մեր հաղթանակների և մեր ոգու կայացման սկիզբն է: «Սա մեծ հաղթանակ է ու մեր համախմբվածության միասնության խորհուրդը»,- նշեց նա` հավելելով. «Մի պահ հեղափոխության ընթացքում կարծես դադարեց գործել ազգային միասնականության գաղափարախոսությունը, բայց կվերականգնվի, դա մի պահ էր: Ներկայիս սերունդը հզոր է. նա 2016 թվականի ապրիլին էլ ապացուցեց, ապագայում էլ կապացուցի: Մեծ Նժդեհն ասում էր. «Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»: Մեր սերունդը պատրաստ է շարունակել պապերի կիսատ թողած գործը»:

Տեղեկացնենք, որ մանրակերտը նույն տեղում կցուցադրվի նաև վաղը` մայիսի 8-ին, իսկ մայիսի 9-ին` առավոտյան ժամը 9-ից, այն տեղադրվի «Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ:

*

*