ՀՀ նախագահի տիկինն ու Իտալիայի նախագահի դուստրն այցելել էին «Մեգերյան կարպետ»

Լաուրա Մատարելան և Նունե Սարգսյանի տեսան նաև Վիշապագորգը...
ayc-mergelyan

Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 30-ին այցելեց  «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր:

Ընկերության «Հովհաննես և Նոյեմի Մեգերյան» հայկական ձեռագործ գորգերի թանգարանում շրջայցի ժամանակ հյուրերը ծանոթացան  ժամանակակից Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հին գորգերին, գորգագործների տեղամասում հետևեցին աշխատանքային գործընթացին:

Ընկերության գործարանի արտադրության ու մարկետինգի գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը շրջայցը սկսեց հյուրերին գորգերի պատրաստման տեխնոլոգիան, գույների ստացման եղանակները  ներկայացնելով, ապա  ցուցադրեց Վասպուրական գորգը, որը թվագրվում է 17-18-րդ դարերով:

ARM007681Լաուրա Մատարելան և Նունե Սարգսյանի տեսան նաև Վիշապագորգը, որի օրիգինալ տարբերակը պահվում է Լոնդոնում: Վիշապագորգ կա նաև Հիսուսի Հարության տաճարում, Սուրբ Ղազար կղզու Մայրավանքում, ինչպես նաև Վիշապագորգ է ստեղծվել Երևանի 2800- ամյակի առիթով. այս գորգի տեսքով խճանկարը տեղադրվել է Կարապի լճի հարևանությամբ:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բացառիկ գորգի մոտ, որի կրկնօրինակը նվիրել են ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին, Հռոմի պապին, «Ավրորա»-ի մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեին և այլոց,  «Մեգերյան կարպետ»-ի հյուրերը լուսանկարվեցին: ՀՀ նախագահի տիկնոջը դուր եկավ գորգի գունային համադրությունը։

«Շատ գեղեցիկ գունային համադրություն է»,- ընդգծեց Նունե Սարգսյանը:

«Մեգերյան կարպետ» ընկերության տնօրինությունը Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելային նվիրեց Խոր Վիրապի և Արարատի պատկերով գորգ, Մեգերյանների հավաքածուից մետաքսե շարֆ՝ հայկական գորգի նախշերով, ինչպես նաև արծաթե զարդ՝ «Զանգեզուր» գորգի պատկերով:

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն ու Իտալիայի Հանրապետության նախագահի դուստրը շրջայցի վերջում համտեսեցին հայկական լավաշ, ապա շնորհակալություն հայտնեցին «Մեգերյան կարպետ» ընկերության աշխատակազմին  ջերմ ընդունելության համար:

*

*