«Գնալով Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ». Շ. Քոչարյան

Լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
shavarsh-qocharyan
Լուսանկարը՝ armenpress.am-ի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, միշտ չէ, որ անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երևում է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 

«Գնալով Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ՝ բոլոր պարագաներում, լինի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, թե եվրոպական կառույցներն այլասերելու հարցում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանի դիտարկմամբ՝ եթե արցախյան հակամարտության գոտում ինչ-որ չափով նվազել են միջադեպերը, դա պայմանավորված է նրանով, որ հայկական կողմերն ավելի պատրաստ են դրանց, ավելի են համալրվել անհրաժեշտ սարքավորումներով:

Անդրադառնալով նրան, որ նախօրեին Տավուշի մարզում նորից հայ զինվոր է զոհվել Ադրբեջանի զինուժի գնդակից՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակն անընդհատ վնաս հասցնելն է: Դա նրանց հետևողական քաղաքականությունն է: Այո, կարևորագույն հանդիպումներից առաջ, ընթացքում, հետո սադրանքներն ավելի հաճախակի են դառնում»,-  նկատեց Շավարշ Քոչարյանը:

*

*