Գլխավոր դատախազության պատճառաբանությունը համոզիչ չէ. Շարմազանով

...որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չի եղել և վերադարձել է Հայաստան
sharmazanov

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատաքննությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց.

«Կարծում եմ, որ գնալով այն մտահոգությունը և մտավախությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումը ունի քաղաքական դրդապատճառներ և, ինչու չէ, նաև անձնական  վենդետայի  միտումներ, աստիճանաբար արմատավորվում է:

Եվ այսօր Գլխավոր դատախազության պատճառաբանությունը համոզիչ չէր: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատումը կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չի եղել և վերադարձել է Հայաստան, և 46 պատգամավորի միջնորդությունը մերժելը անհասկանալի եմ համարում: Այն պատճառաբանությունները, որոնք ներկայացրել է Գլխավոր դատախազությունը, ինձ համար բավարար և հիմնավորված չեն»,- ասաց Շարմազանովը:

Հարցին` թե Հանրապետական կուսակցությունը ինչ քայլեր է ձեռնարկելու այս կապակցությամբ, Շարմազանովը պատասխանեց. «Նախ սպասենք Վերաքննիչ դատարանի որոշմանը, այնուհետև կքննարկենք հետագա մեր քայլերը»:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին:

*

*