Շարմազանով․ «Մենք հարգում ենք Գագիկ Հարությունյանի որոշումը»

Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները կսկսվեն հունվարին
sharmazanov

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ պաշտոնական քննարկում դեռ չի սկսել. իշխող կուսակցությունն այս հարցում նախաքննարկումների փուլում է։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Մինչև հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը խորհրդարանը պետք է առաջադրի և ընտրի Բարձրագույն դատական խորհրդի 5 ներկայացուցչի։ Դա մենք կանենք փետրվարի ընթացքում, իսկ քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթվա ընթացքում: Նախագահի թեկնածուի հարցով մենք պաշտոնական քննարկում դեռ չենք սկսել: Մյուս շաբաթվանից, միգուցե, այդ քննարկումն էլ սկսենք»,-  նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ նախագահի պաշտոնում առաջադրելու են թեկնածուի, ով կունենա լուրջ կենսագրություն և բարձր հեղինակություն:

Հարցին, ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն դիտարկո՞ւմ է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը, Շարմազանովը պատասխանեց. «Գագիկ Հարությունյանը հերքել է, որ նման ցանկություն ունի, իսկ մենք հարգում ենք նրա որոշումը»։

*

*