«Ասում էին` 7.5 տոկոս տնտեսական աճը նկարած է, բայց Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է». Շարմազանով

«Ես սուրճի բաժակի մեջ նայելով` չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե` Պետրոսը...»
aj-1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ երբեք չի արձագանքել ԱԱԾ պետերի հայտարարություններին:

«Որովհետև ԱԱԾ-ն լուրջ ծառայություն է ու, եթե մի բան ասում է, գիտի՝ ինչ է ասում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի հայտարարությանը։

Խոսելով ՀՀԿ-ականների շարքերում չարաշահումներ թույլ տվածների մասին՝ Շարմազանովը նշեց, որ իր համար արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չկան, և օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար։

Հարցին` ԱԱԾ տնօրենի հայտարարությունը ենթադրում է, որ այդ չարաշահումները տեղի են ունեցել ՀՀԿ իշխանության օրոք, ի՞նչն է պատճառը, որ դրանք նախկինում չեն բացահայտվել, Շարմազանովը պատասխանել է. «Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով` չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե` Պետրոսը։ Ես սպասում էի, որ դուք գնայիք, ասեիք՝ ո՞նց եք վերաբերվում, որ ընդդիմությունն ասում էր 7.5 տոկոսը տնտեսական աճը նկարած է, բայց Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է, այսինքն` ընդունում են, որ նկարած չէ։ Կամ` գնաք պարոն վարչապետին կամ փոխվարչապետին ասեք՝ էս, որ 6 ամսից ավելի է, ինչ ասես ասում եք` որ ԵԱՏՄ-ն մեր անվտանգության շահերից չի բխում, ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներ թշնամական են տրամադրվել, հիմա չեք ասում»։

*

*