«Ես հեռու եմ այն մտքից, որ այս վեց ամսվա ընթացքում պետք է թռչեինք և ապրեինք դրախտում, բայց…»

Հնարավոր է՝ սա իմ վերջին ելույթն է այս ամբիոնից. Շարմազանով
arpine-babloyan-sharmazanov

Վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և նշեց` ելույթը կառուցելու է «չգրված օրենքի» հիման վրա, ըստ որի` իշխանությունը պետք է աշխատի, ընդդիմությունը՝ քննադատի, տեղեկացնում է yerkir.am-ը:

«Երբ պարոն Փաշինյանն առաջադրվում էր վարչապետ, ասվում էր, որ Հայաստանը պետք է թևակոխի թռիչքային զարգացում: Ես հեռու եմ այն մտքից, որ այս վեց ամսվա ընթացքում պետք է թռչեինք և ապրեինք դրախտում, բայց խոսեմ փաստերով:  Ներդրումային միջավայրի մասին՝ առաջին եռամսյակի համեմատ, երկրորդ եռամսյակում երեք անգամ ներդրումները պակասել են. առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 100 մլն ԱՄՆ դոլար, երկրորդ եռամսյակում՝ 9 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային բում էինք սպասում հեղափոխությունից հետո, անկման տաշտակի առջև կանգնեցինք»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև կարմիր գծերին ու տեսախցիկներին։ Նա նշեց, որ հեղափոխությունից առաջ Փաշինյանն ու նրա թիմակիցներն ասում էին՝ կարմիր գծերն ու տեսախցիկները պետք է վերանան, իսկ հեղափոխությունից հետո լրիվ այլ պատկեր է: «Հիմա պարզվում է՝ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք, իսկ կամերաներն էլ պետք է շատացնենք։ Կներեք, բայց ձեր կողմնակիցները հեղափոխության ժամանակ ներքնաշորերով կամերաներն էին փակում։ Հաջորդը` որ գնացիք ԳՈւՄ-ի շուկա, պոմիդորի և վարունգի գինը հարցրեցիք, ժողովուրդն ավելի էժան առա՞վ դրանից հետո, թե՞ ոչ»,- հարցրեց նա։

Շարմազանովը  հիշեցրեց, որ 2019 թվականին 3,5% գնաճ է նախատեսվում և 0 % աշխատավարձերի բարձրացում, նաև անդրադարձավ աշխատատեղերի խնդրին: «Ինչքա՞ն աշխատատեղեր եք բացել: 10-15 աշխատատեղ բացում եք, «Հայլուր»-ը մի շաբաթ ցույց է տալիս, թերթերը, սայթերը… Էն դեպքում, երբ Ալավերդու պղձնաձուլարանը փակման ենթակա է դարձել: Ես չգիտեմ` ով է մեղավոր, ով չի մեղավոր, բայց 630 ալավերդցի այսօր կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առջև»,- ասաց նա:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության վերաբերյալ` Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկին իշխանությունները ծուռ վզով էին բանակցություններ վարում, Շարմազանովը նշեց. «Եթե Դուք  ծուռ վիզ եք համարում, որ ԵԱՏՄ է մտել Հայաստանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ենք ստացել, ԵՄ–ի հետ համաձայնագիր ենք ստորագրել, բա էդ դեպքում հպարտ վզով քաղաքականությունը ո՞րն է։ Դա էլ տեսանք՝ Բոլթոնը եկավ, առաջին անգամ ասաց, որ դուք ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք։ Ո՞րն է դա։ Անվտանգության մասին խոսենք. Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ–ին այլընտրանք չունի, գլխավոր քարտուղարին մեղադրանք առաջադրվեց, դա իրավական հարց է, չեմ անդրադառնա, բայց ձեր իշխանության ներկայացուցիչները ասում են, որ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ ՀԱՊԿ–ում շարունակի ստանձնել գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ակնկալում եմ, որ նոյեմբերի 8–ին ամեն ինչ կանեք, որ պահպանենք մեր մանդատը։ Դա նվեր կլինի բոլորիս, իմ ծննդյան օրն էլ է այդ օրը, եւ այդ նվերը ես կընդունեմ ձեզնից»։

«Թավշյա հեղափոխությունից վեց ամիս անց կեսկատակ, կեսլուրջ կարող եմ ասել, որ սերն ու համերաշխությունը հաղթել են. այսօր թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը միակարծիք են՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չպետք է կողմ քվեարկել»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ չի մասնակցելու քվեարկությանը:

ԱԺ փոխխոսնակը նաև  իր խորհրդարանական գործընկերներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, այդ թվում` ՀՀԿ խմբակցությունից դուրս եկածներին, և հավելեց, որ հնարավոր է՝ դա իր վերջին ելույթն է այդ ամբիոնից։

*

*