Շարմազանով. «Մինչև տարեվերջ կունենանք Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև»

Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձևի քննարկմանը ներկա է գտնվել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:

Գերմանիայի Բունդեսթագում «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության կողմից ներկայացվող Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձևի քննարկմանը ներկա է գտնվել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հետ զրույցում Շարմազանովը նշել է, որ Բունդեսթագի խմբակցություններից և որևէ մեկը չի վիճարկել Հայոց ցեղասպանության փաստը:

«Որևէ մեկը իրականում խնդիր չի առաջացրել, ուղղակի բանաձևը հետ է կանչվել լրամշակման: Գերմանիայի խորհրդարանի բոլոր ուժերն էլ կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման փաստը»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը` համոզմունք հայտնելով, որ մինչև տարեվերջ կունենանք Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Այսօրվա քննարկման արդյունքում որոշում է կայացվել բանաձևի վերաբերյալ կազմակերպել լրացուցիչ քննարկումներ, իսկ քվեարկությունը հնարավորության դեպքում կազմակերպել մինչև ապրիլի 24-ը:

Գերմանիայի խորհրդարանը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին որոշում: Բունդեսթագի որոշման մեջ, սակայն, չի օգտագործվել «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ նշվել է «հայերի կոտորածներ»: 2015 թվականի մարտին Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը հայտարարել էր, որ «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ուենցածը ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:

Ապրիլի 24-ին Բունդեսթագում լսումներին ընդառաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ ինքն այն պատգամավորների կողքին է, որոնք կողմ են հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանելուն: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն 2015թ-ի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողության ժամանակ իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:

*

*