Շարմազանովը՝ Բագրատյանին. «Եթե քծնողներ եք ման գալիս, ընդմիջմանը խոսենք…»

Շարմազանովին դուր չեկավ Բագրատյանի կարծիքն այլ պատգամավորների կարծիքների մասին։
Խորհրդարանում ավարտվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ «Միավորված հակաօդային պաշտպանության համակարգի» ստեղծման մասին համաձայնագրի քննարկումները։ Քվեարկությունը տեղի կունենա արտահերթ նստաշրջանի վաղվա նիստում։ Իսկ այսօր խորհրդարանում համաձայնագրի շուրջ կարծիքներ են ներկայացրել խմբակցությունները։ Այս հարցի քննարկման ժամանակ էլ հնարավոր չի եղել խուսափել վիճաբանություններից։ Այս անգամ բուռն բանավեճ է ծավալվել Էդուարդ Շարմազանովի եւ Հրանտ Բագրատյանի միջեւ։
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ «Միավորված հակաօդային պաշտպանության համակարգի» ստեղծման մասին համաձայնագրի քննարկման ժամանակ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին դուր չեկավ պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքն այլ պատգամավորների կարծիքների մասին։
«Ձեզնից պակաս կապեր չեմ ունեցել Ռուսաստանում, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել քծնելու»,- ասաց Բագրատյանը:
Նրան ընդհատեց Շարմազանովը.
«Եթե քծնող կա, խնդրում եմ, անուններ տվեք: Մենք էլ պաշտպանում ենք Հայաստանի շահերն ու այս պայմանագրի վավերացմանը կողմնակից ենք, քանի որ դա բացառապես բխում է մեր շահերից: Եթե քծնողներ եք ման գալիս, ընդմիջմանը խոսենք քծնողների մասին»,- վրդովված նշեց Շարմազանովը: «Ինձ մի ընդհատեք, ես շատ հանգիստ ելույթ եմ ունենում և ելույթ եմ ունենում սերունդների համար»:
««Կա մի ոսկե կանոն, ըստ որի, եթե չունես այլընտրանք, ամրացրու այն, ինչ ունես»,¬ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Բոլոր նրանք, ովքեր խոսում են մեր ինքնիշխանության մասին՝ ասելով, թողեք այն ճյուղը, որից բռնվել եք, բայց չունեն այլ ճյուղ, որից կարելի է բռնվել, նշանակում է, որ մեզ ուղղակի ասում են՝ բերանքսիվայր ընկեք գետնին»,- ասաց Ռուստամյանը։
Ռուսաստանի հետ հակաօդային միասնական համակարգ ստեղծելը բխում է բացառապես Հայաստանի շահերից: Վստահեցրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանը։
«Օրերը և ժամերը որոշում ենք մենք, և հրատապության որևէ անհրաժեշտություն չկա: Ինքներդ էլ ականատես եք, որ այստեղ, բացի հայկական շահերից, այլ բան չկա: Կան մարդկային խմբեր, որոնք ցանկանում են շեղում մտցնել, բայց չի ստացվի: Սա համաձայնագիր է՝  ի շահ Հայաստանի, և նման պայմանագրի վավերացումն՝ անհրաժեշտություն»,- նշեց Բաղդասարյանը:
 Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ոչ միայն իր ամփոփիչ խոսքում, այլ քննարկման ավարտից հետո աբսուրդ է համարել այն կարծիքները, թե Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելով՝ Հայաստանը իր օդային տարածքը հանձնում է Ռուսաստանին: Համածայնագրի քվեարկությունը տեղի կունենա արտահերթ նստաշրջանի վաղվա նիստում։

*

*