«Պատրաստ ենք լսելու, եթե կա քաղաքական օրակարգ». Շարմազանով

Ինչպես ասում էր Սողոմոն Իմաստունը, սա էլ կանցնի․ Շարմազանով
eduard-sharmazanov

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամների հավաքական կարծիքը երկրի ներքաղաքական իրավիճակի և շարունակվող բողոքի ակցիաների ու հանրահավաքների վերաբերյալ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նշեց, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն և զսպվածություն:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ միևնույն ժամանակ իրենք այն կարծիքին են, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը, որպեսզի ցույցի մասնակիցներից որևէ մեկը չիրականացնի ապօրինի գործողություններ:

«Երեկ ես նշել եմ, որ ճանապարհը մեկն է` քաղաքական երկխոսությունը: Քաղաքական գործընթացները բացառապես պետք է գնան քաղաքական երկխոսության, քաղաքական համերաշխության, քաղաքական դեբատների ճանապարհով: Այլ ճանապարհ չկա: Մաքսիմալիստական, մերժողական ճանապարհները քաղաքական չեն: Մենք գտնում ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն ժողովրդավարության չափանիշներին համապատասխան` օրենքի և Սահմանադրության գերակայությունից ելնելով»,- շեշտեց Էդուարդ Շարմազանով:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկելու դեպքին` շեշտելով, որ խստագույնս դատապարտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և նրանց նկատմամբ բռնության ցանկացած դեպք:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք հավանական համարում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացնի Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ փաստաթուղթը, ինչպես պահանջել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ու դա դառնա քաղաքական երկխոսության առիթ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Քաղաքականությունը արվեստ է, ես անուղղելի լավատես եմ. ինչպես ասում էր Սողոմոն Իմաստունը, սա էլ կանցնի, այս փորձության միջից էլ դուրս կգանք։ Մեր գործընկերոջ օրակարգը քաղաքական չէ ու լուծում չեմ տեսնում բացի երկխոսությունից, հանդուրժողականությունից, կլոր սեղանի նստելուց, սուր դեբատներից եւ ընդդիմության սահմանադրական իրավունքներն ամբողջությամբ իրացնելուց»,- նշեց նա։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները