Շարմազանով. «Առանց փոխզիջումների այս հարցի կարգավորումն անհնար է»

«Հնարավոր ենք համարում երեք հայտնի սկզբունքների հիման վրա արժանապատիվ խաղաղության հասնելը...»
sharmazanov
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միակողմանի զիջումների չի գնալու, սակայն առանց փոխզիջումների հարցի լուծումն անհնար է: Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում հնչած գնահատականներին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ այդ հարցում առաջին նախագահի կարծիքը 90-ականներից հետո էլ չի փոխվել: Ինձ համար առնվազն տարօրինակ է այն քաղաքական գործիչների պահվածքը, ովքեր 2008թ. ծափահարում էին Տեր-Պետրոսյանին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում նրա դիրքորոշման համար, իսկ այսօր քննադատում են: Տեր-Պետրոսյանն այս հարցի վերաբերյալ 2008թ. նույն բանն էր ասում: Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարծիքն ունի, մենք` մերը: Միակողմանի զիջումների չենք գնալու, սակայն առանց փոխզիջումների այս հարցի կարգավորումն անհնար է: Մենք հնարավոր ենք համարում բանակցությունների արդյունքում երեք հայտնի սկզբունքների հիման վրա արժանապատիվ խաղաղության հասնելը` հիմք ընդունելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկած բանակցային փաստաթղթերը»,-  նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունների կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ է ու չի փոխվել:

«Մենք մեր նախընտրական ծրագրում մի քանի կետով հստակ խոսել ենք ղարաբաղյան կարգավորման մասին: Արցախի վերջնական կարգավիճակը բացառապես Արցախի բնակչության որոշելիքն է: Սա շատ պարզ է` Արցախի ժողովուրդն է որոշելու իր ճակատագիրը, և մենք այս հարցում սատարելու ենք Արցախի քաղաքացիներին: Այս հարցում հետքայլ հնարավոր չէ: Երկրորդ` մենք սատարել ու սատարելու ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Երրորդ` մենք ամրացնելու ենք մեր առաջնագիծը, հզորացնելու ենք մեր անվտանգությունը, բայց քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղան, քանի առանց Արցախի մասնակցության անհնար է հարցի լուծումը: Ահա սա է մեր հստակ դիրքորոշումը»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների համար որպես հիմք ծառայող Մադրիդյան սկզբունքներին` Շարմազանովն ընդգծեց, որ Մադրիդյան սկզբունքները շրջանառության մեջ են մտել 2007թ., 2011թ. փաստաթուղթը մոդիֆիկացվել և դարձել է կազանյան: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն պատրաստ էր ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն Ադրբեջանը մերժել է` շեշտելով, որ մերժում է այն կողմը, որի համար դա ձեռնտու չէ:

«Մադրիդյան և կազանյան փաստաթղթերը մեր երազանքի փաստաթղթե՞րն են, իհարկե ոչ, բայց այդ փաստաթղթերը հի՞մք են հասնելու մեր նպատակներին, այո: Մեր նպատակն է հասնել հայ ժողովրդի 1988 թվականի արդար դատի իրականացմանը: Մենք շատ լավ հիշում ենք, թե այդ ժամանակ Ազատության հրապարակում ինչ էին պահանջում մեր հայրերը՝ Երևանում ու նաև ստեփանակերտցիները: Մենք այդ ճանապարհին կարևոր քայլը կատարել ենք ու անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Եզրափակելով խոսքը` Շարմազանովը նշեց, որ խնդիրը պետք է կարգավորվի փոխզիջումների միջոցով, սակայն դրա մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ փոխզիջումների:

*

*