«Ադրբեջանը պետք է ցույց տա, թե որն է իր փոխզիջումը»․ Շարմազանով

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ սենսացիա փնտրելու կարիք չկա։
sharmazanov

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական դրույթների վերաբերյալ  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ սենսացիա փնտրելու կարիք չկա, քանի որ դա հեռացող համանախագահի հայտարարություն է, ով որևէ նոր բան չի ասել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ ամերիկացի համանախագահները պրակտիկա ունեն հեռանալուց հետո տեղեկացնել, թե ինչ փուլում է բանակցային գործընթացը կամ ինչի հիման վրա են եղել դրանք:

«Այն ավելորդ աղմուկի հետ, որ այսօր  կա մեր մամուլում ես համաձայն չեմ: Նախ, Հոգլանդը որևէ նոր բան չի ասել: Բոլոր սկզբունքների մասին խոսք է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների բազմաթիվ հայտարարություններում»,- ասաց Շարմազանովը:

Վերջինս շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտությունը:

«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է, խնդրի առանցքն Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտությունն է հանրաքվեի միջոցով: Փոխզիջումներ պետք ե՞ն: Իհարկե, առանց փոխզիջումների չի լինի, սակայն, մինչ այդ մասին խոսելը, Ադրբեջանը պետք է ցույց տա, թե որն է իր փոխզիջումը: Իսկ Մադրիդյան սկզբունքներից կամ դրա նորացված տարբերակից`  Կազանյան փաստաթղթից, հրաժարվել է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, իսկ սովորաբար մարդկային տրամաբանությունը հուշում է, որ հրաժարվում է այն կողմը, որին ձեռնտու չէ: Եվ եթե այս տեսանկյունից նայենք, այսօր բանակցային գործընթացը մերժում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Դրա համար ևս մեկ անգամ իմ գործընկերներին կոչ եմ անում այս հայտարարությունից որևէ սենսացիա չսարքել»,- ասաց Շարմազանովը:

*

*