Սեյրան Օհանյան. «Այսօր մեր երկրում ոչ կանոնադրային հարաբերություններ են»

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել ՊՆ նախկին նախարարը։

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա խոսել է յուրայինների համար առանձին կանոններ չստեղծելու,  կադրային ճիշտ քաղաքականության եւ երկրի զարգացման իր տեսլականի մասին։

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ

Զինված ուժերում իմ ծառայության տարիները մի ժամանակահատված է, որը չես կարող ամբողջացնել մի հայացքով կամ ներկայացնել մի քանի բառով: Այն կարելի է բաժանել ամիսների, շաբաթների, օրերի ու ժամերի… Եվ այդ բաժանումներից յուրաքանչյուրը կունենա իր հաջողությունը, ձեռքբերումն ու բացթողումը, իր աշխատանքային ջանքն ու նյարդը, իր խիզախումը: Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։

Այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանակը դարձել է երկրի թերևս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, իսկ այն ամուր թիկունքի կարիք ունի։

Թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի հուսալքությունը, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել։

Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։ Ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ այս պատկերով։

Մասնագիտությամբ լինելով զինվորական՝ ես լավ գիտեմ կարգապահության գինը, կամային որոշումների, հաստատակամության, ճիշտ և կոշտ խոսքի արժեքը։ Հիմա դրա ժամանակն է: Բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ կարգուկանոնի, օրենքի գերակայության, ամենաթողության վերացման, կարելի է և պետք է լուծել հաստատակամությամբ, օրենքի առջեւ խիստ հավասարությամբ եւ առանց յուրայինների համար խաղի առանձին կանոններ ստեղծելու»,- նշել է նա։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

*

*