Բանտարկված պոլսահայ մտավորականի նամակը՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարին

«Հուսով եմ՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կշարունակի զգայունություն ցուցաբերել Թուրքիայում անբարեհաճ իրադրության նկատմամբ»
Sevan-nishanyan

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում ազատազրկման մեջ է, հորդորել է Միացյալ Նահանգներում գտնվող իր ընկերներին և մասնավորապես Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին շարունակական կերպով իրենց մտահոգությունները հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի առնչությամբ: Նիշանյանը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանին ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման արարողության առնչությամբ արված խոսքերի համար:

Ներկայացնում ենք նամակը մասնակի կրճատումներով.

«Ոչ վաղ անցյալում այս երկրում շատերը համարձակվեցին երազել ավելի ժողովրդավար, լիբերալ ապագայի մասին: Հպարտորեն կարող եմ ասել, որ Հրանտ Դինքի գլխավորությամբ որոշ հայ մտավորականներ արտասովոր ակտիվություն և ազդեցություն ցուցաբերեցին այս երազանքի ձևավորման և զարգացման շուրջ:

Վերջին շրջանում Թուրքիայում հաստատված բռնության մթնոլորտը և բացարձակ իշխանությունը հիասթափեցրեց մեր մեծ մասին: Իմ բանտարկումն էլ թերևս եկող ողբերգության նախազգուշացումն էր: Ներկայում գրողների և ղեկավարների ձերբակալությունները, արդարադատության համակարգի ոչնչացումը, քրդական քաղաքականության վերացումն ու սահմանադրական կարգի փլուզումը խոսում է երկրի մռայլ ապագայի մասին:

Հուսով եմ և ակնկալում եմ, որ ԱՄՆ-ում մեր ընկերներն ու մասնավորապես Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կշարունակեն զգայունություն ցուցաբերել Թուրքիայում անբարեհաճ իրադրության նկատմամբ: Ուզենք, թե չուզենք` այս երկիրը մեր ընդհանուր ժառանգության մի մասն է: Խնդիրը քաղաքակիրթ հասարակությանը փրկելն է: Միևնույն ժամանակ, սա հայկական հարց է, քանի որ հայերը, երևի թե ավելի, քան մյուս ժողովուրդները, կարողացել են ողջ մնալ և տարածվել ազատության, հանդուրժողականության և քաղաքակրթության մեջ:

Ձեզ իմ բարեկամական ողջույններն եմ ուղարկում Իզմիրի մոտակայքում գտնվող Մենեմենի ծանր հանցագործությունների բանտի իմ բանտախցից»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները