«Սևանցիների ճակատին գրված չէ, որ 25 տարի պիտի ունենան խուլ և համր պատգամավոր»

Գեղամավան համայնքից ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է:
ishkhan-saghatelyan

yerkir.am — ՀՅԴ-ն այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքից է սկսել հանդիպումները ժողովրդի հետ: Գեղամավան համայնքից ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է:

Համագյուղացիներին դիմելով` Սաղաթելյանը նշեց, որ մեր երկրում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց մասին Դաշնակցությունը խոսել է` անկախ նրանից, թե որտեղ է եղել՝ բանտերում, ընդդիմության մեջ, թե` իշխանության մեջ:

«Մենք 25 տարի շարունակ նշել ենք, որ մեր առջև դրված խնդիրները, որոնք լուծում չեն ստանում, համակարգային լուծման կարիք ունեն: Ես ունեմ ուժ, ունեմ եռանդ, ունեմ անցյալ, ունեմ փորձառություն, ունեմ համապատասխան գիտելիքներ, ցանկանում եմ գնալ խորհրդարան, որ ձեզ հետ մեր առջև դրված խնդիրներն իրականացնենք»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ չի հասկանում նրանց, ովքեր մեկ անգամ բախտ և հնարավորություն ունեցել են պատգամավոր դառնալու, իրենց գործունեության ընթացքում որևէ բանով, որևէ աշխատանքով աչքի չեն ընկել:

«Հիմա ևս ցանկանում են պատգամավոր դառնալ: Հիմա հարց եմ ուզում տալ` ուզում եք պատգամավոր դառնալ, որ ի՞նչ անեք: Մեր վերջին պատգամավորը` զրո ելույթ, զրո հայտարարություն: Դրանից առաջ ընտրված պատգամավորները` կցկտուր մեկ-երկու հայտարարություն, հիմա նորից եկել, փաթաթվել են մեր վզին ու կրկին ցանկանում են ընտրվել: Ո’չ, սևանցիների ճակատին գրված չէ, որ 25 տարի շարունակ պիտի ունենան խուլ և համր պատգամավոր»,- ընդգծեց երիտասարդ թեկնածուն:

*

*