Վիեննայի պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ Հայաստանը հետեւողականորեն աշխատելու է

Սերժ Սարգսյանը հավելել է, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում:
serj-sargsyan

Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` մայիսի 31-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին իր ելույթի ընթացքում:

«Ինտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում և զարգանում են անվտանգ միջավայրում: Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային հիմքն է: Ես չափազանց կարևոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձևավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է:

Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ: Վտանգն ակնհայտ է՝ կա´մ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կա´մ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը հավելել է, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում:

«Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակն՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով:

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը»,- եզրափակել է ՀՀ Նախագահը:

*

*