Սերժ Սարգսյանը Վայոց ձորից մեկնել է Սյունիք

Ջերմուկում նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև աջափնյա թաղամասում...

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ի երեկոյան Ջերմուկ քաղաքում հետևել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցում: Երեք փուլով ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից:
Սերժ Սարգսյանը մրցաշարի ընթացքը դիտելուց հետո կարճատև շրջայց է կատարել առողջարանային համալիրում, ծանոթացել մրցաշարի մասնակիցների համար ստեղծված պայմաններին:

Հանրապետության նախագահը հոկտեմբերի 7-ի առավոտյան տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ջերմուկում՝ դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը: Նախագահին զեկուցվել է, որ բոլոր շինարարական և վերահսկողության աշխատանքների ավարտը, բացառությամբ տանիքաշինության ծրագրի, նախատեսված է ընթացիկ տարեվերջին:

Ջերմուկում նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև աջափնյա թաղամասում և Կեչուտի ջրամբարի հարևանությամբ նախատեսված կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման ընթացքին:

Ավարտելով աշխատանքային այցը Վայոց ձորի մարզում՝ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Սյունիքի մարզ:

*

*