Սերժ Սարգսյանը շնորհավորել է Թրամփին ու ԱՄՆ-ի ժողովրդին — Երկիր Մեդիա

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Թրամփին ու ԱՄՆ-ի ժողովրդին

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրն է:
ciraneni

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում:

Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում նախ ծիրանենի են տնկել:

«Մեր հայացքը հառելով դեպի ապագա՝ հուսով ենք, որ մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն, և մենք կկարողանանք առավել խորացնել հատկապես մեր առևտրային և ներդրումային կապերը՝ ի շահ մեր երկու երկրների»,-ասել է դեսպան Միլսը:

Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին.

«Հայ-ամերիկյան կապերի սերտացման հարցում, անխոս, մեծ է նաև ամերիկահայ համայնքի դերակատարումը:

Չեմ կարող չնշել Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներդրման կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում: Հավատացած եմ, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը մյուս համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կհանգեցնի ցանկալի արդյունքի՝ խնդրի խաղաղ և տևական կարգավորման:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան օրակարգը կհարստացնենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»,-մասնավորապես ասված է ԱՄՆ նախագահին ուղղված ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

*

*