Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ-ի պատգամավորներին՝ լավ չեն հակադարձում բանակի մասին քննադատություններին

ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեջբերեց Սերժ Սարգսյանի նախատինքի խոսքերը
Serj-Sargsyan (1)

yerkir.am — ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեջբերեց Սերժ Սարգսյանի նախատինքի խոսքերը, որ նա ասել էր ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

«Էս ի՞նչ ա եղել, ինչո՞ւ եք դուք լռում, երբ որոշ քաղաքական գործիչներ կամ պատգամավորներ ասում են, որ լավ չի: Այսպես չպիտի լիներ, մենք այսքան զոհեր տվեցինք»,- նախագահի ասածը ներկայացրեց նա:

Անդրադառնալով հարցին, թե Սերժ Սարգսյանը նախատե՞լ է համախոհներին, Կարախանյանը պատասխանեց. «Ես ինչքան որ հասկացա, խնդիրն այս էր` երբ փնովում են, թե զոհեր եղան, ու դրա պատճառներից էին` էականներից, ռազմական ղեկավարության բացթողումները, այս կարճատև, չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ մտորելու շատ հարցեր ունենք»:

Պատգամավորի բնորոշմամբ`Սերժ Սարգսյանը գոհ չի եղել դրությունից, որ ՀՀԿ-ական պատգամավորները լավ չեն հակադարձել հնչեցված քննադատություններին և չեն ներկայացրել իրականությունը: «Շատ, թե քիչ մենք ինֆորմացված ենք, և ես կարծում եմ, որ իսկապես ասելու բան ունեինք, որ, կարծում եմ, լավ չկատարվեց»,- ասաց նա:

Պատգամավորը չհամաձայնեց դիտարկմանը, որ քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ բացթողումներ են ի հայտ եկել, նրա խոսքով՝ ամեն ինչ լավ է եղել:

Հարցին, թե ՊՆ-ում 3 բարձրաստիճան պաշտոնանկությունները բացթողումների մասին չե՞ն վկայում, ՀԿԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Բացթողումներ եղել են, բայց դրանք այնքան հզոր չէին, որ կարելի էր ցեխ շպրտել: Բայց կարծում եմ` այո, դա վկայությունն է, որ եղել են բացթողումներ»:

Նա նշեց,որ Սերժ Սարգսյանը նոր պաշտոնանկությունների մասին չի խոսել:

«Չէ, ինքն այդ մասին ոչինչ չի ասել: Բայց ասաց, որ սա պարբերաբար լինելու է, և եթե մարդիկ չեն կարողանում իրենց տեղում իրենց աշխատանքը կատարել, ուրեմն նրանք տեղ չունեն մեր պաշտոնական դիրքերում: Նա ասաց, որ դա բոլորին է վերաբերում: Մի այսպիսի մեջբերում արեց` իմացեք, որ սա էլ ձեր խրամատն է, ձեր դիրքերն են, ճակատային դիրքերը»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է «Հրազդան ցեմենտ» գործարանին արտոնություններ տալու նախագիծը տապալելուն, Կարախանյանը շեշտեց, որ Սերժ Սարգայանը դրա մասին չի խոսել, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները բարձրացրել են հարցը: Ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես ուրիշ բաների մասին եմ խոսում, դուք` ինչ: Ձեր աշխատավայրն ԱԺ-ն է: Դուք պարտավոր եք լինել աշխատավայրում: Ձեզ աշխատավարձ են տալիս դրա համար»:

*

*