Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի կողմից տրված ընդունելությանը

ՀՀ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում
serj-sargsyan-hay-hamaynq-amn (1)

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

Մինչ այդ՝ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ, ովքեր եկել էին լսելու Հանրապետության նախագահի ելույթը:

Համայնքային գործիչները նախագահի հետ զրուցել են համահայկական նշանակության մի շարք հարցերի շուրջ, անդրադարձել Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի օրակարգի շրջանակներում քննարկված հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը ՄԱԿ–ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ:

ԿԽՄԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման հնարավորության համար և գոհունակություն հայտնել Հայաստանի հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սերտ համագործակցության կապակցությամբ: Պիտեր Մաուրերը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է նույն ոգով շարունակելու փոխգործակցությունը, որը հաջողությամբ զարգանում է հատկապես առողջապահության, պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքի, մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Հանրապետության նախագահը նույնպես կարևորել է Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, ինչպես նաև այդ կառույցի մարդասիրական առաքելությունը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության ջանքերը նաև ԼՂ հակամարտության հումանիտար հարցերի լուծման գործում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի ներկայությունը և կազմակերպության կողմից ծավալվող գործունեությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները