Սերժ Սարգսյանը եւ Ջոն Քերին քննարկել են ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ:
kerry-sargsyan

Աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել պետքարտուղար Քերիին` ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:

Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաև որոնց արդյունքում կայացան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ:

Սերժ Սարգսյանը և Ջոն Քերին անդրադարձել են ս.թ. հուլիսի 6-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:

*

*