Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել

«Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ»։
serj-sargsyan

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Հրաժարականը ներկայացված է պաշտոնական կայքում։

«Սիրելի′ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին,
կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։

Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

hraparak

*

*