«․․․Գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջև»․ Ս․ Սարգսյան

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է ՀՔԾ կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին․․․

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:

Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հանցավորության դեմ պայքարում իրավապահ այլ մարմինների ու դատավարական գործառույթներ ունեցող մյուս կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև իրականացված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին:

Նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է ծառայության կազմավորման հոբելյանի առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն: Իր ելույթում նախագահը, Ծառայության անցած ուղուն անդրադառնալուց բացի, խոսել է նաև սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգին անցնելու ճանապարհին ծառայության առջև դրվող նոր խնդիրների և մի շարք ուղղություններով անելիքների մասին՝ ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր, և սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում ծառայությունը հատուկ առաքելություն ունի:

«Որքան մեծ լինեն ձեր հաջողությունները օրենքի առջև բոլորի հավասարությունը երաշխավորելու գործում, այնքան տեսանելի և զգալի կլինի երկրում արդարադատության հաղթանակը:

Արդարադատության մակարդակը հաճախ չափվում և գնահատվում է համեմատության մեջ: Շարքային քաղաքացին, համենայն դեպս, այդպես է վարվում: Եթե մարդը տեսնում է, որ չարաշահումներին տրվում է համարժեք արձագանք, ապա հասկանում է, որ պետական մարմիններն իրենց տեղում են: Իսկ երբ նա նկատում է, որ նման երևույթներն անհետևանք են մնում կամ դրանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, ապա անմիջապես արձանագրում է անարդարության փաստը:

Դա տրամաբանական է: Դժվար է խոսել արդարության մասին, երբ գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջև»,- մասնավորապես ասված է ելույթում:

Ամբողջական ելույթը՝ այստեղ։

 

*

*