Սերժ Սարգսյան․ «Չի կարելի բզկտել մեր ժողովրդին եւ չի կարելի մարդկանց հանել իրար դեմ»

Սեր Սարգսյանը իր խոսքում կիսվել է նախօրեին Դիլիջանում Ապրիլյան պատերազմի հերոս երիտասարդների հետ ունեցած հանդիպման տպավորույթուններով։
sargsyan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ. այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ամենակարեւոր բանն այն է, որ երիտասարդը լինի ակտիվ եւ ունենա դիրքորոշում». նման ցանկությամբ է իր խոսքն ավարտել հանրապետության նախագահը, իր կուսակից երիտասարդների հետ կայացած հանդիպման ավարտին։ Հանրապետականի երիտասարդական կառույցի հերթական համագումարի ավարտին, Սերժ Սարգսյանը հանդես է եկել նաեւ հակիրճ խոսքով, կարեւորելով 25-ամյա անկախություն ունեցող երկրում երիտասարության դերակատարությունը։

Նա հիշեցրել է, որ այսօր Հայաստանի ղեկավար շատ բարձր պաշտոններ զբաղեցնում են հենց նրանք։ Իսկ հազարավոր երիտասարդներ, իրենց մտքով ու գործով դարձել են մեր երկրում առաջընթաց ապահովող ճյուղերի հիմնական դերակատարներ։ Զուգահեռ տանելով հայկական սպորտում ավանդաբար անհատական մարզաձեւերում արձանագրված հաջողությունները, «Արարատ 73-ի» օրինակի վրա Սերժ Սարգսյանը կարեւորել է հավաքական աշխատանքն ու արդյունքը։

Սեր Սարգսյանը իր խոսքում կիսվել է նախօրեին Դիլիջանում Ապրիլյան պատերազմի հերոս երիտասարդների հետ ունեցած հանդիպման տպավորույթուններով։

«Ես բառացիորեն երեկ Դիլիջանում հանդիպել եմ 2016թ. զորացրված զինվորների հետ: Զինվորներ եմ ասում, որովհետև նրանք չեն համարում, որ իրենց պարտքը կատարել են և վերջ: Նրանք համարում են, որ իրենց ընկերները մնացել են այնտեղ, համարում են, որ դեռևս մեր անվտանգության խնդիրները, մեր ազգային խնդիրները լուծված չեն, և պատրաստ են ցանկացած պահի միանալ իրենց ընկերներին: Նրանց աչքերում ես տեսա ոգի, նրանք ավյուն ունեն, համարձակ են և հաստատակամ: Անկասկած, մենք շատ հանգիստ խղճով կարող ենք նրանց վստահել մեր երկրի ապագան: Փայլուն տղաներ են և որ չափազանց կարևոր է՝ նրանք պատրաստակամ են նույն ոգով լծվել նաև քաղաքացիական կյանքում եղած խնդիրները հաղթահարելու գործին»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Անվտանգության մասին խոսելիս, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ ներքաղաքական եւ հասարակական կայունությանն ու միասնությանը, թափանցիկ ակնարկով նաեւ առաջիկան քաղաքական զարգացումներին։

«Մենք փոքր ենք թվաքանակով, ուստի պետք է շատ ուշադիր լինենք իրար նկատմամբ, պետք է հարգալից լինենք, հանդուրժող լինենք: Չի կարելի բզկտել մեր ժողովրդին եւ չի կարելի մարդկանց հանել իրար դեմ: Մեզ պետք է միավորի մեր ընդհանուր գաղափարը, այլ ոչ թե՝ ինչ-ինչ անձնական շահեր կամ քաղաքական նկրտումներ»,- նշեց նախագահը:

 

*

*