ՀՀ նախագահ․ «Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը» — Երկիր Մեդիա

ՀՀ նախագահ․ «Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը»

Սերժ Սարգսյանի ելույթը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպմանը
serj-fransia

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով:

«Հարգելի′ Ժակ Մարիլոսյան,
Հարգելի′ պատգամավորներ,

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին ես հայտարարել եմ հնարավոր բոլոր բարձր ամբիոններից և այժմ էլ վերահաստատում եմ մեր այս հանձնառությունը: Եվ իհարկե, այս առումով մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամ և վստահելի գործընկեր Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերն ուղղված հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորմանը: Միաժամանակ, բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Եվ այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Եվ այս առումով նույնպես, ի դեմս ձեզ, շատ կարևոր է Ֆրանսիայի ձայնը, քանզի Ֆրանսիան խաղաղության ջատագով է, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես Ֆրանսիայի առաջնահերթությունն է եղել:

Մեր բարեկամ պետությունների նմանօրինակ ջանքերի շնորհիվ՝ Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը»,- իր խոսքում մանավորապես նշել է ՀՀ նախագահը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*