«Մենք սիրում ենք հայ ժողովրդին և Հայաստանը»․ Սերբիայի նախագահ

Շարունակվում է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Սերբիա
hayastan-serbia-patvirakutyun

Պաշտոնական այցով Բելգրադ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ:

Հիշատակելով Սերբիայում մեծ ժողովրդականություն վայելող «Վեր կաց, Սերբիա» երգը, որի հեղինակը երկար տարիներ Սերբիայի հեռուստառադիոյի երաժշտական հաղորդումների խմբագրությունը ղեկավարած հայազգի Վարդգես Բարոյանն է, Ալեքսանդար Վուչիչն ասել է․ «Մենք սիրում ենք հայ ժողովրդին և Հայաստանը: Դուք դրանում կարող եք համոզվել ցանկացած տեղ գնալով և ցանկացած մեկի հետ խոսելով: Շատ հպարտ ենք Հայաստանի հետ մեր ունեցած լավ հարաբերություններով: Կարծում եմ՝ վաղուց արդեն ժամանակն է անցնել գործնական քայլերի»:

Շնորհակալություն հայտնելով Սերբիա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ալեքսանդար Վուչիչին պաշտոնապես հրավիրել է Հայաստան՝ նշելով, որ ուրախ կլինի նրան հյուրընկալել մեր երկրում: «Գալով Հայաստան՝ վստահ եղեք, որ տուն կունենաք, ինչպես ես այստեղ,- ասել է նախագահ Սարգսյանը: — Դա տուն է բարեկամների համար, քանի որ ես ընկերությունը լուրջ եմ ընդունում, ինչպես բոլորը Հայաստանում: Ես ցանկանում եմ, որ Հայաստանն ավելի մոտենա Սերբիային: Թերևս մենք մի քանի տարի կորցրել ենք, սակայն կարող ենք շատ արագ վերականգնել այդ ամենը»,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը:

Սարգսյանը ողջունել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանության բացման սերբական կողմի որոշումները՝ նշելով, որ դրանք երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ կարևոր քայլ են։

*

*