Մենք խոստացել ենք, որ ժողովրդին երբեք չենք թողնելու փողոցում. Սասուն Միքայելյան

«Նախկին իշխանություններին թվացել է, թե իրենց վերջնականապես հաջողվել է վերացնել ժողովրդի գործոնը Հայաստանում, սակայն սխալվել են»
sasun-miqayelyan

Մենք խոստացել ենք, որ հարկ եղած դեպքում փողոցում պայքարի գնալու դեպքում ժողովրդին երբեք չենք թողնելու փողոցում, չենք տանելու մի նոր պարտության եւ հիասթափության, եւ անպայման այն հասցնելու ենք հաղթական ավարտին: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Համատարած ընտրակաշառքների եւ վարչական ռեսուրսների կիրառման պայմաններում անցկացված 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը, հանդիսանալով մեր կուսակցության նորամուտը, բուն քաղաքական պայքարին կարելի է գնահատել բավարար, քանի որ որքան էլ մեզ չհաջողվեց ժողովրդին համոզել չտրվել ընտրակաշառքի գայթակղությանը, չվաճառել սեփական երեխայի ապագան, այնուամենայնիվ մեզ հաջողվեց ունենալ թեկուզ փոքրաթիվ ներկայություն խորհրդարանում, ինչը հետագա գործընթացների համար առանցքային նշանակություն ունեցավ»,- ասաց նա:

Նա նշեց, որ նախկին իշխանություններին թվացել է, թե իրենց վերջնականապես հաջողվել է վերացնել ժողովրդի գործոնը Հայաստանում, սակայն սխալվել են:

«Հերթական անգամ իրականացնելով «ինչքան ուզենք, այնքան կխփենք» ոճի ընտրություններ, իշխանություններին թվաց, թե իրենց վերջնականապես հաջողվել է վերացնել ժողովրդի գործոնը Հայաստանում կատարվող քաղաքական ընտրություններում եւ պատահական չեմ համարում, որ նրանք այնքան լկտիացան, որ որոշեցին պարզապես խաբել սեփական ժողովրդին` հետ կանգնելով իրենց իսկ արած հրապարակային խոստումներից: Ժողովրդին հասցված այս ցինիկ ապտակը դարձավ այն վերջին կաթիլը, որը լցրեց նրա համբերության բաժակը: Ժողովուրդը ներքուստ պատրաստ էր պայքարելու, իր սահմանադրական իրավունքներն իրականացնելու համար եւ անհրաժեշտ էր այն ուժը, որը կառաջնորդեր ժողովրդի այդ պայքարը: Մեր կուսակցությունը, որ այս գործընթացը գեներացնող հիմնական ուժն էր, կարողացավ առաջնորդել եւ ի փառս մեր ժողովրդի իրականացրեց աննախադեպ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, եւ այս պայքարում շատ մեծ էր ՔՊԿ վարչության անդամ, այժմ արդեն հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական դերը, ով կարողացավ ճշգրիտ քայլերով ապահովել այդ հաղթանակը»,- ասաց նա:

 

*

*